logo_hazarashen     logo_vhs     logo_federal
Pages Navigation Menu

Զուբեիդա Կարապետյան

Զուբեյդա Կարապետյանի հետ հարցազրույցը անցկացրել է Լևոն Աբրահամյանը Երևանում 2012թ. մայիսի 9-ին:
Զուբեիդա Կարապետյանի հիշողություններից Ստալինի մահվան օրվա մասին Երևանում. “Մենք երրորդ դասարանում էինք, երբ մեր դասատւն եկավ դասարան լաց եղած և ասեց. «Երեխաներ, հիմա գնում եք բոլորդ տուն, որովհետև շատ վատ բան է պատահել, շատ վատ բան», – ու արտասվեց: Մենք էլ նայեցինք այդ դասատուին, բայց չհասկացանք, ինչ է եղել: Ու մեզ ուղարկեցին տուն: Ես երրորդ դասարանում էի, դա 1953 թիվն էր: Եկա տուն ու, հենց մտա մեր մուտք, տեսա, որ ինձնից առաջ Ավետիք Իսահակյանն է բարձրանում: Ինքը միշտ գալիս էր Աճառյանի բնակարան, որը մեր հարևանն էր, հենց նույն հարկում էինք ապրում: Իսահակյանի հագին սև վերարկու էր, երկար, մակինտոշ էլ չէր, եկեղեցական շորեր որ լինում են, էդպես շոր էր հագնում: Հետո ես տեսա եկեղեցականների հագին նման շորեր: Ինքը դրանով էր, ու լավ էսպես փայտ ուներ: Ինքը բարձրանում էր՝ էդ փայտը էսպես խփելով, մեկ առ մեկ, իսկ ես էլ ուզում էի շատ շուտ բարձրանալ: Բայց ինքը բավական մեծ էր, էդ շորն էլ էր խանգարում, ու ես չէի կարողանում էդ արանքներից անցնել: Ու էդպես ստացվեց, որ ես իրա ետևից էի բարձրանում: Հասանք մեր երրորդ հարկը, ինքը զանգ տվեց Հրաչյա Աչառյանի դուռը, ես էլ մեր դուռը զանգ տվեցի: Սոֆիկ տյոտյան դուռը բացեց, ու ինքը իրեն բարձրաձայն ասաց: «Սոֆիկ ջան, աչքներս լույս», – ու մտավ իրենց տուն: Իսկ ես զանգ տվեցի, մամաս հարցրեց. «Էս ինչի՞ ես շուտ եկել»: Ես սկսեցի լաց լինել, ասեցի. «Դասատուն ասում էր, որ շատ վատ բան է պատահել, ու մեզ ուղարկեց տուն»: Ու էդ ժամանակ քաղաքում շնչակտուր սուլոցներ էին լսվում, սաղ քաղաքը էսպես աղմուկի մեջ էր: Մամաս ասեց. «Հա, Ստալինն ա մեռել»: Ես ասեցի. «Մամ, բա ինչի՞ Իսահակյանը Սոֆիկ տյոտյային ասեց՝ աչքներս լույս»:
«Ոչինչ, բալիկ ջան, դու չես հասկանա, հետո կհասկանաս, դա պետք չի իմանալ»: Ու էդպես ես առաջին անգամ իմացա, որ Իսահակյանը դեմ ա, փաստորեն Աճառյանն էլ, աչքալուսանք են անում, երբ որ ամբողջ Սովետական միությունում սուգ էր: Դե, իհարկե, որ անցավ բավական շատ տարիներ, Կլարան մի օր ինձ տեսավ ու պատմեց. «Դու գիտե՞ս, որ իմ հայրը էդ տարիներին… նրան շատ են տանջել, ու ամենածանրը, ես հիշում եմ, երբ որ հաղորդել էին մամային (Սոֆիկին), որ պետք է գան, նրա բոլոր ձեռագրերը… կարող ա գան ու բոլոր ձեռագրերը վերցնեն: Էդ գիշեր ես ու մամաս հավաքեցինք նրա բոլոր ձեռագրերը, մամաս մի հատ սենց կաշվից բան ուներ, երևի կաշի ա եղել ուղղակի, լավ փաթաթեցինք էդ կաշվի մեջ, հետո մի քանի տակ ադեալներով ու երկուսով ոտքով բարձրացանք Քանաքեռ, որովհետև այնտեղ մի բարեկամ ունեինք հեռու: Իրենց մոտ գնացինք, մաման ասաց, թե ըստեղ մի քանի կտոր շոր ունեմ, չասեց, որ գրքերն են, ուզում եմ էդ շորերը պահեմ: Ասեց՝ այ Սոֆիկ, որտեղ ուզում ես, տար, պահի: Մաման մի բահ վերցրեց, ասեց՝ Կլարա, արի հետևվիցս: Գնացինք, մի ծառի տակ մամաս շատ խորը փոս փորեց, դրեց մեջը, ու արագ էդ փոսը փակեցինք»: Ես թիվը լավ չեմ հիշում, դէ, Ստալինի ժամանակ է եղել, ինքը, Աճառյանը, նստած է եղել, իրեն [Սոֆիկին] հայտնել է ինչ-որ մեկը, երևի համալսարանից ինչ-որ մեկը ասել է՝ զգույշ եղի, կգան, ձեռագրերը կտանեն: Ու Կլարան ասում է. «Պահեցինք, ու հետո երբ պապան վերադարձավ ու իմացավ, որ մենք փրկել ենք իրա ձեռագրերը, անչափ ուրախացավ: Ասեց՝ դուք չեք պատկերացնում, նրանք իմ բալեն կթաղեին, եթե դա տանեին»: Ու ես էդ ժամանակ հասկացա, քանի տարի անց, թե ինչի համար էր էդ աչքալուսանքը:
Share
  • RSS
  • Newsletter
  • Facebook
  • YouTube