logo_hazarashen     logo_vhs     logo_federal
Pages Navigation Menu

Quajik Mikaelyan

Quajik Mikaelyan

Էս անաստվածների արածը սա էր: Ամբողջը ստի ու կեղծիքի վրա:

Գորիս քաղաքում Ակսել Բակունցի տունը այժմ վեր է ածվել տուն-թանգարանի: 2009թ. թանգարանում Հրանուշ Խառատյանը զրուցել է թանգարանի առաջին տնօրեն Քաջիկ Միքայելյանի հետ:

«1967թ. կառավարությունը որոշել է Ակսել Բակունցի ապրած տանը տուն-թանգարան ստեղծել, ինձ առաջարկեցին կազմակերպել: Շատ դժվար էր նյութերը հավաքել, մարդիկ ռիսկ չեն արել Բակունցի հետ կապված նյութերը պահել, նույնիսկ Բակունցի անունը տալը մարդկանց համար կյանք է արժեցել…. Հա՜, գնացել են անմիջապես ԷնԿաՎեԴե հայտնել, որ Բակունցի մասին խոսում էր: Գիշերը ձերբակալել են, տրոյկան մի 15 րոպեում որոշում է կայացրել և տարել, Շորին ձորում էլ գնդակահարել են: Վախը, սարսափը մեծ էր, համատարած: Այս թանգարանը դժվար էր կայանում: Վախից, երկյուղից նկարներ, ձեռագրեր ոչնչացրել էին, վառել էին. բավական է մեկն ասեր, որ Բակուցի գիրքն է պահում, կամ Չարենցի գիրքն է պահում, անմիջապես կգնային կձերբակալեին և` կամ աքսոր, կամ գնդակահարություն: Բայց բարեբախտաբար հերոս մարդիկ էլ կային, որոշ բաներ պահել էին: Սա բացառիկ թանգարաններից էր, որ գրեթե ոչինչ չգնեցինք, նվիրատվությամբ է ամբողջը ստեղծվել: Հետո Բակունցի հարազատները այն, ինչ որ պահել էին, անվերապահ կերպով տվեցին: Թանգարանն արդեն 40 տարի է գործում է, և հպարտանալու տեղ ունենք: Դժվար թե մի գորիսեցու հանդիպեք, որ Բակունց կարդացած չլինի, հետաքրքրված չլինի:

Ակսել Բակունցն ինքը այս տանը քիչ է ապրել: Նա 17 թվականից Էրզրումից մինչև Սարդարապատ մասնակցել է բոլոր ճակատամարտերին, և Գորիսից, առհասարակ Սյունիքից բավականին երիտասարդներ մասնակցել են կամավորական շարժմանը, մասնակցել են Սարդարապատի ճակատամարտին… Բակունցին շատ բաներում են մեղադրում: Նա է ղեկավարել Հայաստանում նախկին դաշնակցականների ինքնալիկվիդացման համագումարը: Բակունցի ազգականը` Երեմիա Բակունցը, Լենինականի կենտկոմի քարտուղարն էր, հետո բերեցին կենտկոմ: Նա Բակունցին համոզեց, որ գլխավորի դաշնակցության լիկվիդացիոն համագումարը: Դրա համար երկու պատճառ կար. մեկ` Ավիս Նուրիջանյանը և Աթարբեկյանը շարքային դաշնակցականներին արդեն սկսել էին ձերբակալել և գնդակահարել: 4000-5000 հոգի կային շարքային դաշնակցականներ, որպեսզի փորձեն սրանց ազատել «հետապնդումներից» և էդքան ընտանիքներ չթողնեն դժբախտանան, հարկավոր էր կազմակերպել դաշնակցության ինքնալիկվիդացիան, նոր գաղափարախոսություն ընդունել, սրա մեջ էին փնտրում դաշնակցականների փրկությունը, և երկրորդ` ասեց, որ գրող ես, երևում է, որ ուզում ես գրող դառնալ, գործերդ կհեշտանան, գործերդ կտպեն, էսպես-էնպես, համոզեցին: (Նկ. 1)

Բայց Բակունցի կինը` Վարվառա Չերեզան, ասում էր ամեն անգամ, որ հիշում էր էդ դաշնակցության լիկվիդացիոն շրջանը, որտեղ նախագահել է, Ակսելը դառնում էր արտակարգ մռայլ և անհաղորդ: Ինչու՞: Որովհետև Բակունցի դաշնակցական լինելը շրջանառության մեջ դրվեց էդ համագումարից հետո: Կենտկոմը հանձնարարել էր իրեն, որ ներկայանա որպես դաշնակցական, տեսել են կուսակցական անդամ է եղել: (Նկ. 2)

Այս տանը Բակունցի ծնողներն էին, քույրերն ու եղբայրները: Երբ իրեն ձերբակալեցին, հայրը մի տարում վշտից մահացավ: Եղբայրները Հայաստանից փախան, որովհետև շատ վատ վերաբերմունք ունեին «նրանց նկատմամբ»` տրոցկիստի, դաշնակցականի, ժողովրդի թշնամու, չեմ իմանում էլ ինչ: Ինչ ասես թափում էին էդ երեխաների գլխին: Բակունցին ձերբակալելուց հետո եղբայրները գնացին, շենքի մի մասը և այգու մի մասը վաճառեցին և արդեն ուրիշ մարդիկ էին ապրում: Մյուս մասը վաճառվեց ավելի ուշ, մոր մահից հետո: Երբ արդեն շենքը որոշեցին տուն թանգարան դարձնել, կառավարությունն այստեղ ապրող նոր սեփականատերերի համար դիմացի հսկա շենքը գնեց, նրանց տվեց, իսկ այս տունը դարձրինք թանգարան:

Հուլիսի իննին[1] իր գնդակահարության օրն է: Հիմա «թաղման» տեղն էլ չի հայտնի: Ոչ մի տեղ, ոչ մի… այդ օրը այդ սադիստները` Ստալինն ու Բերիան մի այնպիսի բան էին մշակել, որ…Տարբեր վարկածներ կան. մի սիստեմ էր մշակած` տանում էին գնդակահարելու և էնտեղ տանում էին մի էնպիսի մարդու, որին նույնպես պիտի գնդակահարեն: Այս մարդը գնդակահարում է սրանց, և սրան էլ են գնդայահարում, և այդպես հետքերը վերանում են: Մեկն ասում է Զանգվի ձորում են գնդակահարել, մեկն ասում է` բանտում, մեկն ասում է` Աղի հանքում, մեր Երևանի նախկին Աղի հանքում: Արգելեցին Բակունցին կարդալ, գրքերը տանը պահել, արգելեցին անունն անգամ տալ: Միայն Ստալինի սատկելուց հետո, 1955-ին դպրոցական դասագրքերում արդեն վերականգնվեցին Չարենցի, Բակունցի, Թոթովենցի, Զապել Եսայանի, Մահարու, Նորենցի թեմաները: Համարյա տաս տարի հետո էլ բացվեց այս տուն թանգարանը:

Ինչ են արել իրականում բոլշևիկները, կոմունիստները… մարդակերությամբ են զբաղվել…որովհետև ինչքան մեծություններ ունեինք… Մարտիրոս Սարյանին երբ որ ձայնագրում էի, արդեն 90-ին մոտ էր, այսպես գնում-գալիս էր հիշողությունը` հա~ էս կապույտ աչքերում, ատելությունը, հա՜, Ակսելը, սրիկաներ, ավազակներ, ինչքան մեծություններ ունեինք տարան, գլուխները կերան, ինձ էլ էին տանում, եթե Միկոյանը չլիներ… և հիմա մեր ամբողջ մտավորական էլիտան կեր դառավ, համաճարակ դառավ… և մի բան էլ է զարմանալի. ամբողջովին նվիրվել էին, ամբողջ էությամբ և Չարենցը, և Բակունցը, և Թոթովենցը, մեր բոլոր մեծերը ամբողջովին նվիրվել էին խորհրդային կարգերին, դրա մեջ էին գտել ժողովրդի փրկության միակ ուղին… Այ մարդ, բա մարդ իրա երեխային կուտի՞, իրան նվիրված մարդկանց հետ էդպես կվարվի՞. և դժբախտությունն այդ սերնդի դա է, էլի. եթե իմանաս, որ Չարենցը, Թոթովենցը հակակոմունիստական, հակաբոլշևիկյան դիրք էին բռնել և ձերբակալվել, գնդակահարել են, կասեմ դե հրապարակայնացման համար են արել:

Ինձ թվում է, որ բոլշևիկյան իշխանությունների կողմից դաշնակցության և հատկապես թուրքերի դեմ կռված զինվորականների դեմ համառ պայքարը[2] Բակունցին պետք է որ շատ հարցականներ առաջադրած լինեին մեր պատմության գնահատականների խնդիրներում: Կարո Մելիք-Օհանջանյանին ձայնագրել ենք թանգարանը կազմակերպելիս, ասում էր մի օր Բակունցը փողոցում ինձ հանդիպեց, ասեց դու կարո՞ղ ես մեր պատմության մեջ մի դեպք ասել, որ ճիշտ ներկայացնի մեր ժողովուրդի անցյալը, ներկան և ինչ որ չափով էլ լույս փռի ապագայի վրա: Ասում է գիտե՞ս, ես Վասակ Սյունու պես մարդու մասին եմ մտածում: Վասակը հսկա, մեծ քաղաքագետ էր, մեծ զորավար էր, մեծ մտածող էր: Դե գրի այդ մասին,-ասացի: Ասեց գիտե՞ս, մեր ժողովուրդը մի անարդարություն է արել, նրան արդեն դավաճանության խորհրդանիշ են դարձրել: Որ արդեն խորհրդանշանական է, կարևոր չի թե Վասակ է, թե ով է… ապացուցեց, որ Վարդանն էր դավաճանության ճանապարհին, Վասակը ետ պահեց և կարողացավ ճանապարհից հետ բերել: Բայց ասում է նրան հերոսության խորհրդանիշ է դարձրած, իսկ Վասակը դավաճանության խորհրդանիշ է: Ասել է դեմ գնալ ժողովրդական ըմբռնմանը ճիշտ բան չի, ես չեմ անի: Մեր քսան-երեսունական թվականները «20-րդ դարի» այդ նույն երկմտանքներն էին առաջացնում: Անբարոյական շատ բան կար: Օրինակ այստեղ, Գորիսում, մի թուրք պաշտոնյա կար, կոմունիստ: Օջախկուլի էր ազգանունը: էս խորհրդայնացման շրջանում, առաջին տասնամյակին սոցապի վարիչ էր և իրեն շատ լկտի էր պահում, ձեռ էր գցում հարսներին, կանանց, այսպես-այնպես: Գորիսեցիները դրան սպանում են հենց փողոցում: Եվ գիտե՞ք ինչ կատարվեց. Էս Օջախկուլու եղբայրները, մեծ գերդաստան էր և շատ ազդեցիկ Ադրբեջանում, գալիս են Գորիս և պահանջում են իրենց եղբորը սպանողին: Եվ սրանք «տեղի իշխանությունները» գնում են մի բազմանդամ ընտանիքի հոր, մի խեղճ մարդու տանում բանտ և սրան թույլատրում են, ասում են գնա տես, էդ մարդն է սպանել: Սա էլ խանչալը այսպես կապած գնում է, բանտում կտոր-կտոր է անում էդ մարդուն, և արյան վրեժը լուծած համարելով` թողնում, գնում է: Հետո, մի երեք-չորս տարի հետո իմանում են, որ սա չի եղել իրական սպանողը, որ դա անմեղ մարդ էր, պարզապես իրեն հանգստացնելու համար են էդպես արել: Ասում են մի վեց-յոթ տարի ջորիներով, էշերով բեռնավորված սննդամթերք էր բերում, էդ մարդկանց ընտանիքին օգնում[3]: Յոթ-ութ երեխա ունեին: Սա է բոլշևիկների արածը, էս անաստվածների արած սա էր: Էդ փողոցը, որտեղ սպանել են, Օջախկուլի անվանեցին…Ամբողջը` ստի ու կեղծիքի վրա»: (Նկ. 3)

 


[1] Իրականում Բակունցի գնդակահարության օրը 1937 հուլիսի 18-ն էր, իսկ 1936թ. օգոստոսի 9-ին նրան ձերբակալել են:

[2] Բոլշևիկների կողմից Հայաստանի իշխանափոխությունից հետո դաշնակցական կուսակցության անդամները և այդ կուսակցության համագործակցությամբ թուրքական կանոնավոր բանակի դեմ պայքարած մարդիկ գտնվում էին ծանր ճնշումների տակ: Բացի նրանից, որ դեռևս 1920թ. դեկտեմբերին և 1921թ. հունվարին Հայաստանի բանակի շուրջ 1400 սպաներ, մտավորականներ, Սարդարապատի ճակատամարտի մասնակիցներ բանտարկվեցին կամ արտաքսվեցին երկրից, 1921թ. փետրվարին տեղի ունեցած հակաբոլշևիկյան բունտի պարտությունից հետո էլ շատերը գնդակահարվեցին: Այնուհետև լայնորեն ծավալվեց դաշնակցականների կամ նրանց համակիրների նկատմամբ բարոյական, քաղաքական ու ֆիզիկական հալածանքներ, որոնք մասնավորապես ցայտուն արտահայտություն ստացան 1927-30թթ.:

[3] Օջախկուլու հետ կապված այս պատմությունը պատմել է նաև Քարահունջ գյուղից ութսունամյա իմ զրուցակից Ժենյա Մովսիսյանը 2012թ.:


Share
  • RSS
  • Newsletter
  • Facebook
  • YouTube