logo_hazarashen     logo_vhs     logo_federal
Pages Navigation Menu

Անվանացանկ

Ալազան Վահրամ (Վահրամ Մարտիրոսի Գաբուզյան) (1903-1966), հայ բանաստեղծ-արձակագիր, գրական-հասարակական գործիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934-ից։ «Ալազան»-ը գրական կեղծանունն է: Ծնվել է Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում, Ցեղասպանությունից հետո ընտանիքի հետ ապաստան գտել Արևելյան Հայաստանում՝ Երևանում։ 1936 թ. օգոստոսի 9-ին ձերբակալվել է մի շարք հայ գրողների հետ, ում «հակահեղափոխական տրոցկիստական-նացիոնալիստական վիժվածքներ» պիտակով վտարել էին Գրողների միությունից Խանջյանի՝ պաշտոնական հայտարարությամբ ինքնասպանությունից անմիջապես հետո («Խորհրդային Հայաստան», 1936, 2 սեպտեմբերի, թիվ 202 (4800), էջ 3): 1954 թ. արդարացվելուց հետո վերադարձել է հայրենիք, բայց 10 տարի (1956-1966)՝ մինչև մահ կաթվածահար գամված է մնացել անկողնուն։ Նրա մահից հետո, 1990 թ., տպագրվել է «Տառապանքի ուղիներում» գիրքը, որտեղ հեղինակը նկարագրել է ստալինյան բռնաճնշումների ժամանակ կրած իր տառապանքները։

(Կայքի «Մամուլ» բաժնից հղում՝ 042 – «Խորհրդային Հայաստան», 1936, 2 սեպտեմբերի, թիվ 202 (4800), էջ 3; 043- «Խորհրդային Հայաստան», 1936, 4 սեպտեմբերի, թիվ 204 (4802), էջ 1; 070- «Խորհրդային Հայաստան», 1936, 4 սեպտեմբերի, թիվ 204 (4802), էջ 1):

Աթարբեկյան Գևորգ Ալեքսանդրի (1892-1925), բոլշևիկ հեղափոխական, ապա՝ խորհրդային պետական և կուսակցական գործիչ: Անդրկովկասում բանվորա-գյուղացիական վերահսկողության ժողկոմի տեղակալը: Զոհվել է 1925 թ. Թիֆլիսում ինքնաթիռի վթարից Ա. Մյասնիկյանի հետ միասին: Ինքնաթիռի վթարի արհեստածին լինելու մասին միշտ կասկածներ են եղել (այդ մասին տես` Мария Карих, Неслучайная авиакатастрофа, Военно-промышленный курьер, Москва, #10(77), за 23 марта 2005 г., http://vpk-news.ru/articles/804; http://svr.gov.ru/smi/2005/vpkurjer20050323.htm) :

Ակինյան Ներսես (Գաբրիել) Հակոբի (1883-1963), հայ պատմաբան, բանասեր, ձեռագրագետ: Վիեննայի Մխիթարյան միաբանության անդամ:

Աճառյան Հրաչյա Հակոբի (1876-1953), հայ լեզվաբան, բարբառագետ, բանասեր: 1937 թ. սեպտեմբերի 29-ին ձերբակալվել է «անգլիական ռեզիդենտ, թուրքական լրտես և համալսարանի պրոֆեսորների հակահեղափոխական խմբի անդամ» մեղադրանքով: Մեկուկես տարի տևած քննությունից հետո գիտնականի հանդեպ վեց տարվա կալանքի որոշում է կայացվել, սակայն ՆԳԺԿ ղեկավարի առաջին տեղակալ Սուրեն Թովմասյանի (Հայաստանի Կ(բ)Կ ԿԿ ապագա առաջին քարտուղարի) միջնորդությամբ ազատ է արձակվել «հանցակազմի բացակայության պատճառով» (http://www.noev-kovcheg.ru/mag/2010-04/2032.html#ixzz2uh6iVsHuhttp://www.noev-kovcheg.ru/mag/2010-04/2032.html#ixzz2uh6aGf2w):

Արմեն Մկրտիչ (Մկրտիչ Գրիգորի Հարությունյան), (1906-1972), հայ գրող, երիտասարդ տարիներին՝ բոլշևիկյան պրոպագանդիստ, 1934 թ.-ից ԽՍՀՄ գրողների միության անդամ։ 1937 թ. որպես ժողովրդի թշնամի ձերբակալվել է և աքսորավայրում անցկացրել ութ տարի։ Աքսորի տարիների մասին գրել է «Պատվիրեցին հանձնել ձեզ» պատմվածքների ժողովածուն, Երևան, 1964 թ. (վերահրատարակվել է 2006 թ.):

Բակունց Ակսել (Ալեքսանդր Ստեփանի Թևոսյան) (1899-1937), հայ գրող, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934-ից: Բակունց գրական անունը գալիս է գրողի հայրական տոհմանունից՝ Բեգունց: Ա. Բակունցը ձերբակալվել է 1936 թ., Ա. Խանջյանի սպանությունից անմիջապես հետո, Հայաստանի գրողների միության հուլիսի 14-ի ժողովում Հայաստանի մի շարք այլ մեծանուն գրողների՝ Գ. Վանանդեցու, Վ. Թոթովենցի, Գ. Մահարու, Դր. Տեր-Սիմոնյանի, Վ. Նորենցի հետ միասին «հակահեղափոխական տրոցկիստական-նացիոնալիստական վիժվածքներ» պիտակով վտարվելուց հետո (Կայքի «Մամուլ» բաժնից հղում՝ 042 – «Խորհրդային Հայաստան», 1936, 2 սեպտեմբերի, թիվ 202 (4800), էջ 3; 043 – «Խորհրդային Հայաստան», 1936, 4 սեպտեմբերի, թիվ 204 (4802), էջ 1; 070 – «Խորհրդային Հայաստան», 1936, 4 սեպտեմբերի, թիվ 204 (4802), էջ 1): Գնդակահարվել է 1937թ. հուլիսի 18-ին:

Բերիա Լավրենտի Պավելի (1899-1953), խորհրդային քաղաքական և պետական գործիչ, ԽՍՀՄ մարշալ, Սոցիալիստական աշխատանքի հերոս: Իր բոլոր կոչումներից զրկվել է 1953 թ.: Համարվում է ստալինյան բռնարարքների գլխավոր կազմակերպիչներից մեկը: 1927 – 1930 թթ. եղել է Վրաստանի ներքին գործերի ժողկոմ: 1931 թ.-ից Վրաստանի Կ(բ)Կ ԿԿ առաջին քարտուղարն էր, իսկ 1932 թ.-ից զուգահեռաբար նաև Անդրկովկասի երկրամասային կոմիտեի առաջին քարտուղար: Միաժամանակ ընտրվել է Հայաստանի և Ադրբեջանի Կ(բ)Կ ԿԿ անդամ: 1937 թ. Մոսկվայից ուղարկված Գ. Մալենկովի և Ա. Միկոյանի հետ իրականացրել է Հայաստանի կուսակցական կազմակերպության «մաքրման» գործողությունը: 1938 թ. օգոստոսի 22-ին նշանակվել է ԽՍՀՄ ՆԳԺԿ Եժովի առաջին տեղակալ, իսկ 1938 թ.՝ ՆԳԺԿ պետական անվտանգության գլխավոր վարչության նախագահ: Բերիան շարունակել է կուսակցական-վարչական առաջընթացը ընդհուպ մինչև Ստալինի մահը: 1952 թ. նա ԽՄԿԿ ԿԿ նախագահության անդամ էր, ԽՍՀՄ ներքին ու արտաքին քաղաքականությունը որոշող փոքր հնգյակի անդամներից մեկը: 1953 թ. հուլիսին Խրուշչեվի նախաձեռնությամբ Բերիան հեռացվել է բոլոր պետական պաշտոններից, ձերբակալվել և 1953 թ. դեկտեմբերի 23-ին գնդակահարվել է հատուկ դատարանի որոշմամբ:

Գրիբոյեդով Ալեքսանդր Սերգեյի (1795-1829), ռուս գրող, դիվանագետ: 1819 թ. այցելել է Էջմիածին, ծանոթացել Մատենադարանին: Համարվում է Հայաստանին և հայերին մոտիկից առնչված առաջին ռուս գրողը: Գեներալ Պասկևիչի բանակում մասնակցել է Պարսկաստանից Երևանի, Նախիջևանի գրավմանը: 1822 թ. Թիֆլիսում եղել է Կովկասի ռուսական զորքերի հրամանատարությանն առընթեր դիվանագիտական մասի քարտուղար: 1828 թ. անմիջական մասնակցություն է ունեցել Թուրքմենչայի պայմանագրի տեքստի կազմմանը: Նրա առաջարկությամբ է մտցվել Թուրքմենչայի պայմանգրի 15-րդ կետը, ըստ որի պարսկահայերին թույլատրվել է տեղափոխվել Ռուսաստանին անցնող Արևելյան Հայաստանի տարածք: Սպանվել է Թեհրանում, 1829 թ. փետրվարի 12-ին, Ռուսաստանի դեսպանատանը:

Դավիթ Բեկ (ծննդ. թիվն անհայտ, մահացել է 1728 թ.), հայ ազգային ազատագրական շարժման գործիչ, զորավար: Ծառայել է վրաց Վախթանգ 6-րդ թագավորի բանակում: Սյունիքի հայերի խնդրանքով Դավիթ Բեկը 1722 թ. վերջերին գնացել է Կապան և 1722-1728 թթ. ղեկավարել ազգային ազատագրական պայքարը նախ` պարսկական խաների, ապա, 1725 թ.-ից՝ հարձակման անցած Օսմանյան Թուրքիայի բանակի դեմ: Դավիթ Բեկը Սյունիքում ստեղծել է հայկական իշխանություն, որի կենտրոնը Հալիձորի բերդն էր։ 1727-ին Պարսից շահ Թահմազը ճանաչել է Դավիթ Բեկի իշխանությունը Սյունիքում: Մահացել է անսպասելի (ենթադրաբար՝ թունավորումից), 1728 թ.-ի գարնանը Սյունիք և Ղարաբաղ թուրքական զորքերի արշավանքի ժամանակ։

Դրո (Դրաստամատ Մարտիրոսի Կանայան) (1884-1956), Հայաստանի Առաջին Հանրապետության զորավար, գեներալ, վրիժառու, ազատագրական շարժման գործիչ, Առաջին Հանրապետության ռազմական նախարար (1920 թ.), Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիրներից: 1905-1906 թթ. հայ-թաթարական ընդհարումների ժամանակ մասնակցել է շատ ինքնապաշտպանական մարտերի՝ Նախիջևանում, Ղարաբաղում, Զանգեզուրում և այլն: 1919-1920 թթ. վերսկսված հայ-թաթարական ընդհարումների ժամանակ մասնակցել է հայերի ինքնապաշտպանությանը, մասնավորապես Նժդեհի հետ զինակցելով՝ կռվել է Զանգեզուրի և Ղարաբաղի ճակատներում: Հայաստանի բոլշևիկացումից հետո անցել է արտասահման: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Հայաստանի անկախացման հեռանկարով համագործակցել է Գերմանիայի հետ, ձևավորել է «Հայկական 812-րդ գումարտակը», որը հետագայում համալրվել է հայ ռազմագերիներով:

Եժով Նիկոլայ Իվանի (1895-1940), խորհրդային պետական և կուսակցական գործիչ, ԽՍՀՄ քաղաքական բռնությունների բարձրակետին՝ 1936-1938 թթ. ԽՍՀՄ ՆԳԺԿ, 1937 թ. պետական անվտանգության գլխավոր կոմիսար: Եժովի կողմից գլխավորվող բռնությունների շրջանը համարվում է ամենածանրը: Գնդակահարվածների թվերն այդ երկու տարիներին հասել են առավելագույն ծավալների: 1938 թ. օգոստոսի 22-ին Ն. Եժովի առաջին տեղակալ նշանակված Լ. Բերիայի ջանքերով Ն. Եժովը փաստացի դուրս է մղվել ՆԳԺԿ-ի աշխատանքներից, իսկ 1939 թ. ապրիլի 10-ին նրան ձերբակալել են արտասահմանյան հետախուզական կառույցների հետ կապերի և տեռորիստական գործունեության մեղադրանքով: 1940 թ. փետրվարի 3-ին դատապարտվել է գնդակահարության:

Զարյան Նաիրի (Հայաստան Եղիազարյան), (1900-1969), հայ գրող: Չարենցի առաջարկով Հայաստան անունը փոխել է Նաիրի անվամբ, Եղիազարյան ազգանունը կրճատել է՝ թողնելով Զարյան): Ծնվել է Արևմտյան Հայաստանում, Վանի նահանգի Խառակոնիս գյուղում: Պատանեկության տարիներին անցել է Ցեղասպանության արհավիրքով, վանեցիների հետ գաղթել է Արևելյան Հայաստան: Զարյանը հախուռն մասնակցել է քսանականներին սկսվող և երեսնականներին լիովին ծավալված քաղաքական գրախոսությանը, մերկացրել է «տրոցկիստական, նացիոնալիստական, դաշնակցական վիժվածք» հայ գրողներին թե՛ մամուլով, թե՛ գրողների ժողովներին՝ դահլիճներում, թե՛ այդ տարիներին շատ տարածված «դանոս»ներով (Գրիգոր Աճեմյան, Բռնադատվածությունը Գուրգեն Մահարու Նամակներում, http://hay-em.do.am/_ld/19/1951_6005.pdf; http://www.hay-em.do.am/; Հովիկ Չարխչյան, «37 թիվն սկսվել է 37 թվից դեռ շատ առաջ…», http://hovikcharkhchyan.wordpress.com/tag/%D5%A6%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6/):

Զինովև Գրիգորի (1883-1936), ռուսական բոլշևիկյան հեղափոխության ակտիվիստ, հետագայում` խորհրդային քաղաքական գործիչ, պաշտոնյա: Ծնվել է հարուստ հրեական ընտանիքում (ընտանեկան անունը` Գերշ Ռադոմըսլսկի: Գրիգորի անունը կուսակցական մականունն է, Ռադոմըսլսկի ազգանունը հետագայում օգտագործել է որպես գրական կեղծանուն): Մի քանի անգամ մեղադրվել է տրոցկիստական հայացքների համար: 1934 թ. ձերբակալվել է, դատապարտվել տաս տարով, երկու տարի անց՝ 1936 թ. վճիռը փոխվել է գնդակահարությամբ:

Թոթովենց Վահան (1889-1938), հայ գրող, արձակագիր։ Ծնվել է Արևմտյան Հայաստանում, Խարբերդի գավառի Մեզրե քաղաքում, սովորել է ԱՄՆ-ում, որտեղից Ցեղասպանության տարիներին, 1915-ին 400 ամերիկահայ կամավորների հետ մեկնել է Կովկասյան ռազմաճակատ, մասնակցել է ազատագրական կռիվներին և ողջ մնացած շատերի հետ քաշվել Կովկաս: Նրա հարազատները մնացել են Դեր Զորի անապատներում: 1916 թ. Թիֆլիսում հանդիպել է Զապել Եսայանին և Լևոն Շանթին: Հետագայում այս հանդիպումը պետք է հիմք հանդիսանար քաղաքական մեղադրանքների համար: Երևան է տեղափոխվել 1922 թ.: 1936 թ. հուլիսի 20-ին ձերբակալվել է ՀՀ լուսժողկոմ Ն.Ստեփանյանի հակահեղափոխական, ահաբեկչական խմբի անդամ լինելու, հակահեղափոխական գործունեության, արտասահմանյան կառույցների կողմից ղեկավարվող սփյուռքի դաշնակցականների հետ կապերի, անգլիական հետախուզության գործակալ-լրտես լինելու, Հայաստանը Խորհրդային Միությունից կտրելու և անգլիական խնամակալության տակ մտցնելու մտադրության, գրողների հակահեղափոխական աշխատանքներ տանելու մեղադրանքներով: 15 րոպե տևած դատավարության վերջում 1938 թ. հուլիսի 16-ին Թոթովենցին դատապարտում են գնդակահարության, իսկ հուլիսի 18-ին գնդակահարում են:

Ժուկով Գեորգի Կոնստանտինի (1896-1957), խորհրդային զորավար, Խորհրդային Միության մարշալ, Խորհրդային Միության քառակի հերոս: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գլխավորել է ԽՍՀՄ զինված ուժերի գործողությունները մի շարք ռազմաճակատներում: 1942թ. նշանակվել է ԽՍՀՄ պաշտպանության ժողկոմի և Գերագույն գլխավոր հրամանատարի տեղակալ: Ստալինի մահից հետո դարձել է ԽՍՀՄ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, 1955-1957 թթ.՝ ԽՍՀՄ պաշտպանության նախարար: 1958 թ. հեռացվել է բոլոր պաշտոններից: 1937-1938 թթ. բռնությունների բարձրակետին կուսկազմակերպությունում քննարկվել է մի շարք քաղաշխատողների բողոքը «կադրեր դաստիարակելու հարցում կորպուսի հրամանատար Ժուկովի թշնամական մեթոդների» մասին, որոշում է ընդունվել «Սահմանափակվել հարցի քննարկմամբ և ի գիտություն ընդունել ընկեր Գ. Կ. Ժուկովի բացատրությունները»:

Իսահակյան Ավետիք (1875 – 1957), հայ բանաստեղծ, արձակագիր, հասարակական գործիչ: Հայաստանի ԳԱ ակադեմիկոս: Սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, 1893-ին ընդունվել է Լայպցիգի համալսարան՝ որպես ազատ ունկնդիր: Երիտասարդ տարիներին եղել է ՀՅԴ անդամ: Երեք անգամ ձերբակալվել է: Հայաստանի խորհրդայնացումից հետո տևաբար ապրել է արտասահմանում, որտեղ հայտնի էր որպես Խորհրդային Միության կողմնակից: 1936 թ. վերջնականապես վերադարձել է հայրենիք։ 1946 թ. ստացել է ԽՍՀՄ պետական մրցանակ: 1946–57 թթ. Հայաստանի գրողների միության նախագահ էր։

Լենին Վլադիմիր (Վլադիմիր Իլյիչ Ուլյանով) (1870-1924), ռուսական և համաշխարհային հեղափոխական գործիչ, Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական (բոլշևիկյան) կուսակցության հիմնադիրը, 1917 թ. հոկտեմբերյան հեղափոխության կազմակերպիչներից և իրականացնողներից մեկը, ՌՍՖՍՀ ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահ, պատմության մեջ առաջին համայնավարական պետության ստեղծողը: Ստորև մի փոքր կմասնավորեցնենք Լենինի կառավարման շրջանում հայ ժողովրդի համար բախտորոշ նշանակություն ունեցած որոշ իրողություններ, որոնք հետագայում զգալի դեր են խաղացել ԽՍՀՄ շրջանի քաղաքական բռնաճնշումներում:

1918-1920 թթ. Հայաստանի առաջին անկախ հանրապետության շրջանում, երբ Ցեղասպանությունից փրկված բազմահազար գաղթականներով լեցուն Հայաստանը ստիպված էր զբաղվել Լենինի կառավարության կողմից ստորագրված Բրեստ-Լիտովսկի պայմանագրի հետևանքով Անդրկովկաս, բայց հատկապես Արևելյան Հայաստան լցված թուրքական կանոնավոր բանակի կրկնակի կոտորածներից խաղաղ հայ բնակչության փրկությամբ և թուրքական բանակի գրոհները հետ մղելով, Լենինը բանակցում էր Օսմանյան կայսրության՝ Անտանտի կողմից չգրավված տարածքներում փաստացի իշխանություն հաստատած Մուստաֆա Քեմալի հետ, որը չափազանց ծանր դրության մեջ էր: Մուստաֆա Քեմալը ամեն ջանք գործադրում էր՝ հավաքելու Առաջին աշխարհամարտում պարտված Օսմանյան կայսրության բեկորները: Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի ցեղասպանությունը կազմակերպած և իրականացրած դահիճները, ռազմական հանցագործները, պատերազմում պարտվելուց հետո հայտնվել էին Մոսկվայում՝ համոզելու Լենինին ձեռք մեկնել միայնակ մնացած Քեմալին: Դրա դիմաց Լենինին խոստանում էին Թուրքիան սոցիալիստականացնել: Լենինին ըստ երևույթին չափազանց ոգևորել էր սոցիալիզմը մուսուլմանական Արևելքում տարածելու հեռանկարը՝ անկախ միջոցներից: Դրա գինը Մուստաֆա Քեմալը սահմանել էր՝ մեծ քանակությամբ զինամթերք, դրամ, կովկասյան թուրքերի (թաթարների) հետ՝ ընդհանուր սահման և Հայկական հարցն իր ճաշակով լուծելու հնարավորություն:

Հայկական հարցի լուծման քեմալական ճաշակի գաղափարական կողմն ապահովելու նպատակով Լենինի հանձնարարությամբ հայ բոլշևիկ Ա. Միկոյանը 1919 թ. դեկտեմբերի սկզբներին Լենինի համար շարադրել է Ցեղասպանության ընթացքում ջարդված թուրքահայերի և Թուրքահայաստանի հետագա ճակատագրի շուրջ «կոմունիստական կուսակցության» վերաբերմունքի ծրագիրը, որով Ցեղասպանության հետևանքով դատարկված Արևմտյան Հայաստանում պետականություն վերականգնելու հայ ժողովրդի ծրագրերն անվանում է «իմպերիալիստական-գաղութային», «զավթողական» և նույնիսկ «շովինիստական» այն հիմնավորմամբ, որ երեք-չորս տարի առաջ այնտեղ հայ ժողովրդի կոտորվելու հետևանքով կենդանի հայեր չեն մնացել, այնտեղ միայն մուսուլմաններ են ապրում, և հայերի վերադարձն այնտեղ սպառնալիք կստեղծի մուսուլմանների համար: «Եվ առհասարակ,-պնդում է Միկոյանը,-միասնական ու անկախ Հայաստանի գաղափարը վնասակար, հանցավոր ու ռեակցիոն քիմերա է, որի դեմ պետք է պայքարի մեր կուսակցությունը» (ՀԱԱ, Ֆ-Պ. 1022, g.5, գ. 306, թ. 18-24; http://genocide.ru/lib/barseghov/responsibility/v2-1/0648-0685.htm#655): Հասկանալի է, որ ապագա «սոցիալիստական Թուրքիան» համեմատելի չէր կարող լինել «իմպերիալիստական-գաղութային», «զավթողական», «շովինիստական» Հայաստանի հետ:

Մինչ Միկոյանը ծրագիր էր տրամադրում «իմպերիալիստական-գաղութային», «զավթողական», «շովինիստական» Հայաստանից «Արևմտյան Հայաստանում մնացած մուսուլմաններին» պաշտպանելու մասին, 1919 թ. նոյեմբերի 29-ին Պոլսում դաշնագիր է ստորագրվում Ադրբեջանի և Քեմալի միջև, ըստ որի կողմերը պարտավորվում են ա/ Ամեն գնով միմյանց օգնել պահպանելու համար և՛ Թուրքիայի, և՛ Ադրբեջանի հողային ամբողջականությունը, բ/ Ադրբեջանը հանձն էր առնում առանց Թուրքիայի հավանության դաշինք կամ համաձայնագիր չկնքել որևէ երկրի հետ, գ/ Թուրքիան պարտավորվում էր ադրբեջանական բանակը մարզել թուրք սպաների միջոցով (Սիմոնյան Հր., Թուրք-հայկական հարաբերությունների պատմությունից, Երևան, 1991, էջ 366): Դրան զուգահեռ նախապատրաստվում էր Ադրբեջանի և Թուրքիայի միավորումը (Սիմոնյան Հր., նշվ. աշխ., էջ 318), սակայն մինչ այդ ծրագրավորվում էր ստեղծել Մեծ Ադրբեջան (Հարավ Արևմտյան Ադրբեջան՝ Երևանի նահանգի մի մասի, Թիֆլիսի նահանգի Ախալցխայի և Ախալքալաքի գավառների, Աջարիայի հաշվին, և Թերեքի, Դաղստանի, Ղարաբաղի, Պարսկական Ղարադաղի, Թավրիզի միավորում) (Սիմոնյան Հր., նշվ. աշխ., էջ 319): Հազիվ թե Լենինը տեղյակ չէր այդ ծրագրերին: Այդ մասին ապրիլ ամսին Ադրբեջանում արդեն խոսվում էր բարձրաձայն: 1920 թ. ապրիլի 26-ին Մուստաֆա Քեմալն արդեն ձևավորված կառավարության անունից օգնության խնդրանքով պաշտոնապես դիմում է խորհրդային կառավարությանը՝ պարտավորվելով «միավորել ռուսական բոլշևիկների հետ մեր ողջ աշխատանքն ու ռազմական գործողությունները՝ իմպերիալիստական կառավարությունների դեմ պայքարելու և բոլոր ճնշվածներին ազատագրելու նպատակով»: Դրանից երկու օր հետո, ապրիլի 28-ին Ադրբեջանը հաշտ ու խաղաղ հայտարարում է իր «խորհրդային» դառնալու իրողությունը և, իհարկե, առաջին իսկ քայլը «Խորհրդային Ռուսաստանից» օգնության խնդրանքն էր: Սա ակնհայտորեն Կովկասի թուրքերի (թաթարների) հետ Քեմալի համաձայնեցրած գործողություն էր, «թուրքական աշխարհի խորհրդայնացման» Քեմալի խոստման մասնակի իրականացում: Չնայած արտաքին վայելչության պահպանության փորձերին (հայտարարություն տարածվեց, որ Ադրբեջանական խորհրդային անկախ հանրապետության ժամանակավոր ռազմա-հեղափոխական կոմիտեն իշխանության է եկել Բաքվի հեղափոխական պրոլետարիատի և Ադրբեջանի աշխատավոր գյուղացիության կամքով և այդ իշխանությունը հին մուսավաթական կառավարությունը հայտարարում է ժողովրդի դավաճան և անկախության թշնամի)՝ այնուամենայնիվ հայտարարվեց, որ պառլամենտն աշխատում է նույն կազմով (!!) և տեղական վարչակազմերը շարունակում են հանգիստ աշխատել իրենց տեղերում: Այս տարօրինակ «հեղաշրջումը» տեղի էր ունեցել Ադրբեջանական պառլամենտի հանգիստ որոշմամբ, որտեղ ապրիլի 27-ի արտակարգ նիստի ընթացքում կոմունիստները պահանջագիր էին ներկայացրել իշխանությունն իրենց հանձնելու վերաբերյալ և գիշերվա ժամը 12-ին պառլամենտական հանձնաժողովը որոշել է բավարարել այդ պահանջը («Борьба» N 96, ապրիլի 30, 1920 – Погромы армян в Бакинской и Елизаветпольской губерниях в 1918–1920 гг. Сборник документов и материалов (Сост. Мирзоян С., Казинян А., Исторический архив РА). Ереван, 2003, էջ 469-470): Իսկ ապրիլի 29-ին Հեղկոմ ստեղծվեց մեկ ամիս առաջ ավերված, ջարդված Շուշիում և մայիսի 12-ին խորհրդային հայտարարվեց Լեռնային Ղարաբաղը: Ադրբեջանի խորհրդայնացմանը հաջորդեց Լենինի կառավարության կողմից «հեղափոխական Թուրքիային» ահռելի ռազմական և ֆինանսական միջոցների տրամադրումը, որն, իհարկե, ուղղվեց նախ և առաջ հայերի ցեղասպանությունը շարունակելու թուրքական ծրագրերի իրականացմանը: 1920 թ. սեպտեմբերի վերջին Թուրքիայի Արևելյան բանակի հրամանատար նշանակված Քյազիմ Կարաբեքիրը հարձակվում է Հայաստանի վրա: Այդ հարձակման նպատակի մասին երկար վերլուծությունների կարիք չկա, այն ինքնին հասկանալի է Թուրքիայի արտգործնախարարի պաշտոնակատար Ահմեդ Մուխթար փաշայի՝ 1920 թ. նոյեմբերի 8-ին Ք. Կարաբեքիրին ուղղված գաղտնի գրությունից, որտեղ մասնավորապես հրահանգվում էր. «Ոչնչացնել հայերի բանակը, բռնախլել զենքը և բաժանել մուսուլմաններին, հայերին զրկել նոր բանակ ստեղծելու իրավունքից, տիրել երկաթուղիներին և անմիջական ուղղակի կապ հաստատել ադրբեջանական թուրքերի հետ» (Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 113, ց. 3, գ. 31, թ. 6; «Հայաստանի Հանրապետություն», 16.03.1991): Ավելի ուշ Մուստաֆա Քեմալը պիտի գրի, որ այդ պատերազմի նպատակը «հայկական բանակն ու հայկական պետությունը» ոչնչացնելն էր (Мустафа Кемаль, Путь новой Турции, т. 3, М., 1932, էջ 102): Ապրիլից մինչև սեպտեմբեր մոռացվել էր «բոլոր ճնշվածներին ազատագրելու նպատակը»: Հայաստանը ծանր պարտություն կրեց: Արդյունքում փաստացի ռուս-թուրքական համատեղ ջանքերով ինքնիշխան Հայաստանի դաշնակցական կառավարությունը տապալելուց հետո 1921 թ. կնքվեցին ռուս-թուրքական Մոսկվայի (մարտի 16), ապա՝ Թուրքիայի և Ռուսաստանի ու Անդրկովկասի երեք երկրների «եղբայրության և բարեկամության»՝ Կարսի (հոկտեմբերի 21) Հայաստանի համար կողոպտչական պայմանգրերը, որոնցով Թուրքիային հանձնվեց առկա Հայաստանի հանրապետության տարածքների կեսը և Խորհրդային Հայաստանին պարտավորեցվեց «եղբայր ու բարեկամ» ընդունել Հայաստանին թշնամի մնացող քեմալական Թուրքիային: Այս պայմանագրերին հայ հանրության խուլ անհամաձայնությունը հետագայում զգալի դեր է խաղացել ԽՍՀՄ ընդհանուր քաղաքական բռնաճնշումների հայաստանյան իրողությունների ժամանակ՝ հայ մտավորականությանը «ազգայնական», «իմպերիալիստական», «հակասովետական» մեղադրանքներ ներկայացնելիս:

Չնայած Մուստաֆա Քեմալի, իսկ նրա մահից հետո Թուրքիայի Հանրապետության կառավարությունների կողմից այդ պայմանագիրն արհամարհելու բազմաթիվ ապացույցներին՝ մինչև այսօր ՌԴ-ը, հետևելով Խորհրդային Ռուսաստանի ավանդույթներին, շարունակում է գովերգել Թուրքիայի հետ ձեռք բերված այն բարեկամությունը, որի արդյունքում ԽՍՀՄ-ը բազմաթիվ անգամներ նյութական օգնություն է ցուցաբերել այդպես էլ չխորհրդայնացած, մաքուր «բուրժուական, իմպերիալիստական» Թուրքիային, մի երկրի, որը հռչակվելուց անմիջապես հետո որդեգրեց թանձր ազգայնականության և սոցիալիստներին հետապնդելու ներքին քաղաքականությունը: Մասնավորապես Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 80-ամյակի առթիվ Թուրքիայում ռուսական դեսպանության կայքէջում տեղադրված շնորհավորական ուղերձը լի է ռուսական բարեկամության հավստիացումներով (տես http://www.turkey.mid.ru/20-30gg.html):

Խանջյան Աղասի (1901-1936), ծնվել է Արևմտյան Հայաստանում, Վան քաղաքում: 1915 թ. Վանի ինքնապաշտպանության հաղթանակին հետևած ռուսական զորքերի նահանջից հետո բնակչության հետ ընտանիքով գաղթել են Արևելյան Հայաստան: Դարձել է Խորհրդային Հայաստանի քաղաքական, պետական, կուսակցական գործիչ: Հայաստան է ուղարկվել Մոսկվայից 1928 թ.: 1928-1930 թթ. եղել է Հայաստանի Կենտկոմի երկրորդ քարտուղար, որոշ ժամանակ փոխարինել է «Խորհրդային Հայաստան» թերթի խմբագրին: 1930-1936 թթ.՝ Խորհրդային Հայաստանի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղարը: Հայաստանի բարձրագույն իշխանության ղեկավարի նրա տարիները՝ 1930-1936 թթ. ԽՍՀՄ-ում, այդ թվում Հայաստանում քաղաքական բռնությունների տարիներ էին: Այդ տարիներին Հայաստանը դեռևս Անդրֆեդերացիայի մաս էր, իսկ Անդրֆեդերացիայի՝ ՀամԿ(բ)Կ Անդրկովկասյան երկրամասային կոմիտեի առաջին քարտուղարը Բերիան էր (Անդրֆեդերացիան լուծարվել է 1936 թ. դեկտեմբերի 5-ին): Հավանաբար սպանվել է (պաշտոնական հայտարարությամբ ինքնասպան է եղել) 1936 թ. Թիֆլիսում՝ Բերիայի առանձնասենյակում: Սպանության մասին ծավալվող խոսակցությունները փորձել են կանխվել Հայաստանի ՆԳԺԿ-ի կողմից, թերահավատներին ուղղակի ձերբակալել են՝ կեղծ տեղեկություններ տարածելու և Բերիային վարկաբեկելու մեղադրանքով, ձերբակալվածների թիվն արագորեն հասել է ութ հարյուրի (սույն կայքում հրապարակվող պատմությունների մեջ նույնպես կան այդ զոհերի մասին հիշողություններ): Խանջյանի թաղումից անմիջապես հետո, հուլիսի 14-ի Հայաստանի գրողների միության ժողովում ծանր քաղաքական մեղադրականներով՝ «Հակահեղափոխական տրոցկիստական-նացիոնալիստական վիժվածքներ», Գրողների միությունից հեռացվել են Խանջյանի համակիրները համարվող գրողներ Վանանդեցին, Թոթովենցը, Գ. Մահարին, Ա. Բակունցը, Դր. Տեր-Սիմոնյանը, Վ. Նորենցը, իսկ մեկ ամիս անց՝ օգոստոսին, ձերբակալվել: Ա. Խանջյանի մահվան մասին տե՛ս Վ. Ալազանի հիշողությունները (http://historyarmenia.org/7274.html):

Խանջյանի սպանությունից և հայ գրողների օգոստոսյան ձերբակալություններից անմիջապես հետո Լենինականի նոր բացված հանգստյան այգին «Լենինականի հասարակության պահանջով» անվանվել է Բերիայի անունով:

1

«Խորհրդային Հայաստան»

«Խորհրդային Հայաստան»

Խրուշչեվ Նիկիտա Սերգեյի (1894-1971), խորհրդային պետական, քաղաքական գործիչ, 1953-1964 թթ. ԽՄԿԿ ԿԿ առաջին քարտուղար, 1958-1964 թթ. ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահ, ԽՍՀՄ հերոս, Սոցիալիստական աշխատանքի եռակի հերոս: ԽՍՀՄ քաղաքական բռնությունների մասին առաջին բարձրաձայնող ԽՍՀՄ պետական, քաղաքական գործիչը: Ստալինի մահից հետո, 1953 թ. ընտրվել է ԽՄԿԿ ԿԿ առաջին քարտուղար, իսկ ԽՄԿԿ 20-րդ համագումարին ելույթ է ունեցել անհատի պաշտամունքի և զանգվածային բռնությունների մասին ընդարձակ զեկույցով: Խրուշչեվյան կառավարման շրջանում բռնությունների ծավալն անհամեմատ նվազել է, բազմաթիվ ձերբակալվածներ և աքսորվածներ ազատվել են: Տեղի են ունեցել դատավարություններ բռնություններն իրականացնողների նկատմամբ: Հայրենիք են վերադարձել բռնաքսորված ժողովուրդների նկատելի մասը: Նվազել են նաև գաղափարախոսական գրախոսության պահանջները, որոշ թույլտվություններ և ազատություններ են ստացել գյուղացիները, մի փոքր ավելացել է մասնավոր տնտեսության նրանց իրավունքը, տեղաշարժվելու հնարավորությունները: Իշխանությունների պատժիչ գործառույթների զգալի մասն, այնուամենայնիվ, պահպանվել է: Խտացել է Պետանվտանգության կողմից լրտեսելու և վախ սփռելու մթնոլորտը: Խրուշչեվի շրջանում է տեղի ունեցել Նովոչերկասկի բանվորների գնդակոծությունը:

Կալինին Միխայիլ Իվանի (1875-1946), ռուս հեղափոխական, խորհրդային քաղաքական գործիչ: Բոլշևիկների իշխանության գալուց հետո զբաղեցրել է բարձր քաղաքական պաշտոններ: 1932 թ. Կալինինն է ստորագրել «Հասկի մասին օրենքը», որի պատճառով ողջ Խորհրդային Միությունում շատ անմեղ մարդիկ զոհվեցին (այդ օրենքով Հայաստանում դատապարտվել են նաև սույն կայքում առկա պատմությունների մեր որոշ զրուցակիցների ծնողները կամ պապերը): 1938 թ. Կալինինը ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության նախագահն էր: Նույն տարին ձերբակալվել է նրա կինը` Եկատերինա Լորբերգը: Ազատվել է ներմամբ ամուսնու մահից մեկ տարի առաջ՝ 1945 թ.:

Կագանովիչ Լազար Մոիսեյի (1893-1991), խորհրդային պետական և կուսակցական գործիչ, Ստալինի մտերիմը: Որպես հեղափոխական՝ մասնակցել է հոկտեմբերյան հեղափոխության կազմակերպմանն ու իրականացմանը: Կարմիր բանակի ստեղծման կազմակերպչա-քարոզչական բաժնի կոմիսար էր: 1925 թ.-ից Ուկրաինայի ԿԿ ԿԿ գլխավոր քարտուղարն էր՝ որպես Ստալինի «մարդը»: Այդ պաշտոնում նրա վարած կուրսը հայտնի է որպես «բուրժուական նացիոնալիզմի դեմ պայքար», որի արդյունքում հենց ինքն էր գնահատում ու որոշում «ուկրաինական նացիոնալիզմի» որակը, չափանիշները, դրսևորումները: Ուկրաինական կուսակցական ակտիվը դժգոհ էր Կագանովիչից և հաճախ էր բողոքում Ստալինին: 1928 թ. նա վերադառնում է Մոսկվա, ճիշտ ժամանակին՝ ղեկավարելու համար կոլխոզային շարժումը: 1933-34 թթ. զբաղվել է նաև «կուսակցության շարքերի մաքրումով»: Ստալինի հատուկ վստահված անձ լինելով՝ Կագանովիչը մասնակցում էր Կենտրոնական կոմիտեի հատուկ հանձնարարությամբ բռնադատվողների ցուցակների ստուգումներին: «Ցուցակների» տակ ստորագրելը մեղադրական եզրակացություն էր: Դրանք հայտնի էին որպես «գնդակահարվողների ստալինյան ցուցակներ»: Կագանովիչը հայտնի է եղել որպես քաղաքական բռնությունների կազմակերպիչ և մասնակից: 1957 թ. հայտարարվել է «ՄոլոտովՄալենկով-Կագանովիչ հակակուսակցական խմբակի» անդամ, հեռացվել է բոլոր պաշտոններից և խաղաղ ապրել ևս 34 տարի:

Կիրով Սերգեյ Միրոնի (1886 -1934), հեղափոխական, այնուհետև՝ խորհրդային քաղաքական ու պետական գործիչ: Ծնվել է Վյատկայի նահանգում, 1904թ. Տոմսկում մտել է ՌՍԴԲԿ (Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցություն) շարքերը: 1909 թ. տեղափոխվել է Վլադիկավկազ և երկար տարիներ աշխատել Կովկասում: 1919 թ. Աստրախանի ժամանակավոր հեղափոխական կոմիտեի նախագահն էր, և որպես այդպիսին գլխավորել է բանվորների հակահեղափոխական ապստամբության փորձի ճնշումը՝ գնդակոծության միջոցով: 1920 թ. ապրիլի 28-ին 11-րդ Կարմիր բանակի հետ մտել է Բաքու, որից անմիջապես հետո խաղաղ ճանապարհով Ադրբեջանի խորհրդարանը հայտարարել է Ադրբեջանում խորհրդային կարգերի հաստատումը: Դա Լենին-Աթաթուրք հարաբերությունների ջերմացման և Թուրքիայի կողմից սոցիալիստական դառնալու խոստումների շրջանն էր, ինչին մասնակցում էին նաև կովկասյան թուրք (թաթար) բոլշևիկները, որոնց խոստացվել էր անկախ Խորհրդային Ադրբեջան՝ Թուրքիայի հետ ընդհանուր սահմանով և Կովկասում Ադրբեջանի համար ցանկալի սահմաններով: Բաքվում Կիրովը դառնում է Ռուսաստանի կոմունստական (բոլշևիկյան) կուսակցության Կովկասյան բյուրոյի ԿԿ անդամ, իսկ 1921 թ.՝ Ադրբեջանի ԿԿ ԿԿ առաջին քարտուղար: 1923 թ. Կիրովն ընտրվում է Ռուսաստանի կոմունստական (բոլշևիկյան) կուսակցության ԿԿ անդամ: 1926 թ. նրան ընտրում են կուսակցության Լենինգրադի նահանգային կոմիտեի և քաղաքային կոմիտեի առաջին քարտուղար և կուսակցության Քաղբյուրոյի անդամության թեկնածու: 1933թ. Լենինգրադի մարզի ապստամբական և հակահեղափոխական գործերը քննող «տրոյկայի» անդամ էր՝ գնդակահարության որոշման իրավունքով: 1934 թ. դեկտեմբեր 1-ին սպանվել է: Կիրովի սպանության պատճառների շուրջ շատ հետազոտողներ մինչև այսօր տարակարծիք են՝ անձնական խնդիրնե՞րի, թե՞ Ստալինի կողմից կազմակերպելու հարցում, սակայն նրա սպանությունից ժամեր անց պաշտոնապես հայտարարվել է, որ Կիրովը զոհ է գնացել ԽՍՀՄ-ին թշնամի դավադիրների ծրագրերին: Նույն օրը ԽՍՀՄ Կենտրոնական գործադիր կոմիտեն որոշում է ընդունել ժողովրդի թշնամի տեռորիստների դեմ պայքարելու համար միութենական հանրապետությունների քրեա-կատարողական օրենսգրքերում փոփոխություն անելու մասին: Ըստ փոփոխությունների՝ քննչական մարմինները տեռորիստական ակտերի կասկածանքով մեղադրվողների գործերը քննում էին արագացված կարգով, իսկ դատական մարմինները նույն արագացված կարգով իրականացնում էին որոշումների կատարումները: Ողջ ԽՍՀՄ-ով մեկ ծավալվեցին «օրինականացված ռեպրեսիաները»:

Մալենկով Գեորգի Մաքսիմիլիանի (1901-1988), ԽՍՀՄ պետական և կուսակցական գործիչ, ԽՄԿԿ ԿԿ անդամ (1939-1957), ԽՄԿԿ ԿԿ Քաղբյուրոյի անդամ (1946-1957), ԽՄԿԿ ԿԿ քարտուղար (1939-1946, 1948-1953): Վերահսկել է պաշտպանության ոլորտի արդյունաբերությունը: Ստալինի մահից հետո, 1953 թ. մարտ-սեպտեմբերին ԽՍՀՄ փաստացի ղեկավարն էր: ԽՍՀՄ քաղաքական բռնաճնշումների ակտիվ մասնակիցներից էր: 1937 թ. Հայաստանի կուսակցական ակտիվի «մաքրողներից» մեկը` Միկոյանի և Բերիայի հետ միասին: ԽՍՀՄ քաղաքական բռնությունների գործողություններում առավել հայտնի է 1949 թ. այսպես կոչված «Լենինգրադյան գործով»: 1953 թ. մարտի 5-ին, Ստալինի մահից հետո, Մալենկովը դարձել է ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահը, նույն մարտ ամսին քննարկման է դրել «անհատի պաշտամունքի քաղաքականությունն ավարտելու և երկրի կոլեկտիվ ղեկավարման անցնելու» անհրաժեշտության հարցը: Սակայն երկու տարի անց Մալենկովին հանեցին ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահի պաշտոնից: 1957 թ. Մոլոտովի և Կագանովիչի հետ փորձեց առաջին քարտուղարի պաշտոնից հեռացնել Խրուշչեվին, սակայն դա նրանց չհաջողվեց և այս խումբն իրենց համակիրների հետ շուտով հրաժեշտ տվեց կառավարման համակարգին:

Մահարի Գուրգեն (Գուրգեն Աճեմյան) (1903-1969), հայ գրող: Ծնվել է Արևմտյան Հայաստանում, Վան քաղաքում: 1915 թ. Ցեղասպանության ժամանակ, Վանի ինքնապաշտպանության հաղթանակին հետևած ռուսական զորքերի նահանջից հետո բնակչության հետ ընտանիքով գաղթել են Արևելյան Հայաստան: Գուրգեն Մահարին տրոցկիստ-նացիոնալիստի պիտակով 1936 թ. հուլիսին վտարվել է Հայաստանի Գրողների միությունից, օգոստոսի 9-ին՝ ձերբակալվել ահաբեկչական գործունեության և «Հայաստանը ԽՍՀՄ-ից անջատելու և իմպերիալիզմի ճամբարին միացնելու մտադրության» մեղադրանքով: 1938 թ. ամռանն աքսորվել է 10 տարով: Վերադարձել է 1947 թ., բայց 1948 թ. նոյեմբերին ձերբակալվել է երկրորդ անգամ և այս անգամ դատապարտվել ցմահ աքսորի՝ Կրասնոյարսկի երկրամաս: Աքսորից վերադարձել է 1953-ին, արդարացվել՝ 1954 թ. հուլիսի 21-ին (Гамлет Мирзоян, Приговорить к расстрелу: АРМЯНЕ В СТАЛИНСКИХ РАССТРЕЛЬНЫХ СПИСКАХ, <http://www.noev-kovcheg.ru/mag/2009-12/1887.html>): Աքսորից վերադառնալուց հետո գրել է աքսորի տարիների մասին՝ «Ծաղկած փշալարեր», Վան քաղաքի մասին՝ «Այրվող այգեստաններ» վեպերը:

Միկոյան Անաստաս Հովհաննեսի (Իվանի) (1895-1978), բոլշևիկյան հեղափոխական, ապա՝ խորհրդային պետական և քաղաքական գործիչ: Ծնվել է Լոռու Սանահին գյուղում, սովորել է Գևորգյան ճեմարանում: 1917 թ. Բաքվում էր և մասնակցում էր Բաքվում բոլշևիկյան իշխանություն հաստատելու գործին: 1918 թ. Բաքվի՝ Ստեփան Շահումյանի կողմից գլխավորվող բոլշևիկյան իշխանության մարմնի՝ կոմունայի անդամ էր: Մասնակցել է 1918 թ. մարտ ամսին Բաքվում բոլշևիկների կողմից Կովկասի թուրքերի (թաթարների)՝ մուսավաթականների ապստամբության ճնշման գործողություններին: Բաքվում անգլիացիների իշխանության հաստատումից հետո, երբ կոմունարներին ձերբակալեցին, ազատ է մնացել: Նույն 1918 թ. սեպտեմբերի 15-ին, երբ Օսմանյան Թուրքիայի կանոնավոր բանակի զինվորները կովկասյան թուրքերի (թաթարների) մուսավաթականների զորքերի հետ գրավեցին Բաքուն, կարողացել է բանտից ազատել ձերբակալված 26 կոմիսարներին և նրանց հետ միասին նավով փախչել: Ինչ-որ կերպ փրկվել է նաև 26 կոմիսարների գնդակահարությունից և կրկին վերադարձել է Բաքու, որտեղ վարել է ընդհատակյա բոլշևիկյան գործունեություն: 1923 թ.-ից նա Ռուսաստանի Կ(բ)Կ ԿԿ անդամ էր և տեղափոխվել է Մոսկվա: 1926 թ. ՀամԿ(բ)Կ ԿԿ Քաղբյուրայի անդամության թեկնածու էր և Առևտրի ժողովրդական կոմիսար` ամենաերիտասարդը ժողովրդական կոմիսարներից: 1930 թ. նշանակվել է մատակարարման ժողկոմ, 1934 թ.՝ սննդի արդյունաբերության ժողկոմ: Միկոյանին հաջողվեց ներմուծել արդյունաբերության նոր տեխնոլոգիաներ, այդ թվում՝ ամերիկյան: 1935 թ. դարձել է Քաղբյուրոյի անդամ, իսկ 1937 թ.՝ ԽՍՀՄ Ժողովրդական կոմիասարների նախագահի տեղակալ: 1938-1949 թթ. նշանակվել է արտաքին առևտրի ժողովրդական կոմիսար, իսկ 1957-1964 թթ.՝ ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահի առաջին տեղակալ: Քաղաքական բռնությունների ընթացքում սովորաբար հատուկ նախաձեռնողականություն չի ցուցաբերել, բայց չի ցուցաբերել նաև ընդդիմություն, և աշխատանքի ընթացքում հետևել է ընդունված կուրսին: Մասնակցել է անհատի պաշտամունքի դեմ Ն. Խրուշչեվի սկսած արշավին: Միկոյանն անվտանգ անցավ Ստալինի մահվանը հաջորդած ուժերի վերադասավորումներով: ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահի առաջին տեղակալի պաշտոնում (1957-1964) Միկոյանը հմուտ դիվանագիտությամբ բարձրացրել է ԽՍՀՄ միջազգային հեղինակությունը, նրա անվան հետ են կապում Կարիբյան Ճգնաժամի խաղաղ հանգուցալուծման դրվագներից մեկը՝ համոզել Ֆիդել Կաստրոյին՝ ընդունելու ստեղծված իրավիճակը: 1964-65 թթ. եղել է ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի Նախագահության Նախագահ, որը թողել է 70 տարին լրանալու կապակցությամբ. Սակայն մինչև 1974 թ. մնացել է ԽՍՀՄ ԳԽ նախագահության անդամ, իսկ մինչև 1976 թ.՝ ԽՄԿԿ ԿԿ անդամ:

Խնդրահարույց է Միկոյանի խաղացած դերը հայ ժողովրդի և Հայաստանի ճակատագրին առնչվող խնդիրներում:

Առաջին համաշխարհային պատերազմում Օսմանյան կայսրության պարտությունից և Մուդրոսի համաձայնագրից հետո, մինչ նախապատրաստվում էր Անտանտի երկրների՝ Օսմանյան կայսրության ճակատագրի ծրագիրը, որով նախատեսվում էր նաև Արևմտյան Հայաստանի տարածքում վերականգնել հայկական պետականությունը և հնարավորություն տալ վերադառնալ փրկված, փախստական հայերին, զուգահեռաբար, 1919 թ. գարնանից մինչև 1920 թ. աշուն ընթանում էին կոմունիստներ – Թուրքիայում հայ ժողովրդի դահիճներ և պատերազմի հանցագործներ, Լենին-Մուստաֆա Քեմալ բանակցությունները՝ «սոցիալիզմը Թուրքիա, ապա՝ մուսուլմանական Արևելք տեղափոխելու» «գնի» շուրջ: Մուստաֆա Քեմալի կողմից Թուրքիայում սոցիալիզմը ներդնելու «գնի» մեջ մտնող կարևոր հարցերից մեկը հայերի և Հայաստանի հարցն էր: Այդ կապակցությամբ Միկոյանը 1919 թ. դեկտեմբերի սկզբներին Լենինի համար շարադրել է Ցեղասպանության ընթացքում ջարդված թուրքահայերի և Թուրքահայաստանի հետագա ճակատագրի շուրջ «կոմունիստական կուսակցության» վերաբերմունքի ծրագիրը, որով Ցեղասպանության հետևանքով դատարկված Արևմտյան Հայաստանում պետականություն վերականգնելու հայ ժողովրդի ծրագրերն անվանում է «իմպերիալիստական-գաղութային», «զավթողական» և նույնիսկ «շովինիստական» այն հիմնավորմամբ, որ երեք-չորս տարի առաջ այնտեղ հայ ժողովրդի կոտորվելու հետևանքով կենդանի հայեր չեն մնացել, այնտեղ միայն մուսուլմաններ են ապրում, և հայերի վերադարձն այնտեղ սպառնալիք կստեղծի մուսուլմանների համար: «Եվ առհասարակ,-պնդում է Միկոյանը,-միասնական ու անկախ Հայաստանի գաղափարը վնասակար, հանցավոր ու ռեակցիոն քիմերա է, որի դեմ պետք է պայքարի մեր կուսակցությունը» (Барсегов Ю.Г. Геноцид армян. Ответственность Турции и обязательства мирового сообщества, т.2, ч.1, М., 2003, 38-40; РГАСПИ, ф.5, оп.1, д.1022, л.8-9об; http://genocide.ru/lib/barsegov/responsibility/v2-1/0648-0685.htm#651): Հասկանալի է, որ Միկոյանի զեկույցի միջոցով նախապատրաստվում էր Մուստաֆա Քեմալին Թուրքիայում սոցիալիզմ կառուցելու համար վճարելիքը: Տվյալ դեպքում մեզ համար մասնավոր կարևորություն ունի նաև այն հանգամանքը, որ Հայկական հարցի հանդեպ այս վերաբերմունքը հետագայում գաղափարական լուրջ դեր է խաղացել հայերի ու Հայաստանի նկատմամբ քաղաքական բռնաճնշումներում. այլ կարծիք ունենալու կասկածի, կամ նույնիսկ Արևմտյան Հայաստանը հայրենիք համարելու դրսևորումների դեպքում մարդիկ համարվել են «ազգայնական» և դատապարտվել որպես «հայրենիքի թշնամիներ»: Նույն տրամաբանությամբ Միկոյանը բազմիցս զոհաբերել է Հայաստանի ու հայերի արդարացի ծրագրերը Կովկասյան տարածաշրջանում՝ ի շահ կովկասյան թուրքերի` 1920թ. հունիս-հուլիս ամիսներին, ընդհուպ նաև քեմալական թուրքերի կողմից Նախիջևանը գրավելուց հետո, պնդելով հայաբնակ Նախիջևանի, Ղարաբաղի, Զանգեզուրի տարածքները ներառել Ադրբեջանի կազմում (http://www.lragir.am/index/arm/0/society/view/98630): Միկոյանի այս պնդումները տարօրինակ են թվում, եթե հաշվի առնենք, որ Խորհրդային Ռուսաստանի արտաքին գործերի ժողովրդական կոմիասար Գ. Չիչերինն այդ նույն ժամանակահատվածում իր բոլոր զեկույցներում ու հեռագրերում պնդում էր հիշյալ տարածքները Հայաստանի կազմում պահելու ընթացիկ քաղաքականության անհրաժեշտությունը՝ հղելով նաև պատմական պատճառներն ու կոմունիստների գաղափարները (Барсегов Ю.Г., Նշվ.աշխ., էջ 77-80, 82-83):

Այս ծրագրերը փաստորեն նախապատրաստում էին 1921 թ. Մոսկվայի, ապա՝ Կարսի՝ հայ ժողովրդի համար կողոպտչական պայմանագրերը: Թուրքիայում այդպես էլ սոցիալիզմը չտարածավեց, սակայն որևէ փաստաթուղթ հայտնի չէ, որը վկայեր, թե հայ ժողովրդի ու Հայաստանի հաշվին Մուստաֆա Քեմալի «ախորժակը բավարարելուց» հետո իրենց հույսերում խաբված բոլշևիկները, այդ թվում Միկոյանը երբևէ զղջացել են Հայաստանն ու հայ ժողովրդին զոհաբերելու ջանքերի համար:

1937թ. աշնանը Միկոյանը Մալենկովի և Բերիայի հետ եկել է Հայաստան՝ կուսակցական և պետական աշխատողների մաքրում, փաստացի՝ ռեպրեսիա իրականացնելու: Ռուսաստանի պետական արխիվում հայտնաբերվել է Եժովի ստորագրությամբ 1937 թ. սեպտեմբերի 22-ով թվագրված մի փաստաթուղթ, որով Եժովը տեղեկացնում է Ստալինին այն մասին, որ Միկոյանը խնդրում է «դաշնակցական և այլ հակասովետական տարրերից» գնդակահարվողների թիվն ավելացնել 700 մարդով: Նույն փաստաթղթով Եժովն ինքն առաջարկում է գնդակահարվողների թիվն ավելացնել 1500 մարդով և նախկին թիվն էլ ունենալով՝ այն հասցնել 2000-ի: Այդ փաստաթուղթը համաձայնությամբ ստորագրել են Ստալինը, Մոլոտովը, Կագանովիչը, Չուբարը, Լոգինովը:

3

РГАСПИ (Российский государственный архив социально-политической истории), Ф. 17. Оп. 166. Д. 580. Л. 10. Подлинник. Машинописный текст, подпись — автограф.

Միկոյանի ստորագրությունն առկա է նաև 1940 թ. մարտի 5-ի՝ լեհ սպաների, ոստիկանների, սահմանապահների և ժանդարմների գնդակահարության (հայտնի Կատինի գնդակահարությունը) որոշման փաստաթղթի տակ՝ Ստալինի, Մոլոտովի, Վորոշիլովի ստորագրությունների կողքին: Այդ ժամանակ նա Արտաքին առևտրի ժողովրդական կոմիսար էր (1938-1949):

4_

Մյասնիկյան (Մյասնիկով) Ալեքսանդր Ֆյոդորի (1886-1925), հեղափոխական (կեղծանունը՝ Մարտունի), կուսակցական և պետական գործիչ, Բելառուսիայում խորհրդային իշխանության հաստատման կազմակերպիչներից և իրականացնողներից մեկը: Գրականագետ, մարքսիզմ-լենինիզմի ուսմունքի վերլուծաբան: Հայտնի է որպես շատ ընդունակ և գրագետ, բարեկիրթ, համեստ մարդ, հմուտ հռետոր: 1921 թ. մայիսի սկզբին Մյասնիկյանն ուղարկվել է Հայաստան, աշխատել է Ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահի և Հայաստանի ռազմական ժողովրդական կոմիսարի պաշտոններում, միաժամանակ Անդրֆեդերացիայի ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահի տեղակալ էր: «Заря Востока» թերթի խմբագիրն էր, ԽՍՀՄ Կենտրոնական գործադիր կոմիտեի անդամ: Զոհվել է 1925 թ. մարտի 22-ին Թիֆլիսում տեղի ունեցած ինքնաթիռի վթարից, որի արհեստածին լինելու մասին միշտ կասկածներ են եղել (Неслучайная авиакатастрофа, Военно-промышленный курьер, Մոսկվա, #10(77), 2005 թ. մարտի 23 (<http://vpk-news.ru/articles/804; http://svr.gov.ru/smi/2005/vpkurjer20050323.htm>):

Մոլոտով Վյաչեսլավ Միխայիլի (1890-1986), խորհրդային քաղաքական և պետական գործիչ, ԽՍՀՄ ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահ (1930-1941), ԽՍՀՄ արտաքին գործերի մինիստր (19391949, 1953-1956): Համարվում է ԽՍՀՄ քաղաքական բռնությունների գլխավոր կազմակերպիչներից մեկը: Մոլոտովի ստորագրությունն ամենաշատն է հանդիպում հատուկ՝ Ստալինյան ցուցակներով գնդակահարվողների փաստաթղթերում: 1957 թ. հայտարարվել է «Մոլոտով-ՄալենկովԿագանովիչ հակակուսակցական խմբակի» անդամ, հեռացվել է բոլոր պաշտոններից և խաղաղ ապրել ևս 29 տարի:

Մուղդուսի Խաչիկ (Աստվածատուրով Խաչատուր Խլղաթի), (1898-1938), Հայաստանի պետական գործիչ, չէկիստ, ՆԳԺԿ ղեկավար: Հաշվապահական կուրսերի կրթությամբ և իր աշխատանքային վերելքը Ռոստովի «Աստորիա» հյուրանոցի հաշվետարի աշխատանքով 1915 թ. սկսած Խաչատուր Աստվածատուրովը 1921 թ. հայտնվել է Հայաստանում՝ Վաղարշապատի գավառային Արտակարգ հանձնաժողովի (Чрезвычайня комисия-ЧК) քարտուղարի պաշտոնով: Հայաստանի ՆԳԺԿ ղեկավար (15.07.1934-01.01.1937): 1937 թ. սեպտեմբերին ձերբակալվել է ԽՍՀՄ Գերագույն դատարանի ռազմական կոլեգիայի կողմից և գնդակահարվել 1938 թ. փետրվարին, Մոսկվայում: Մուղդուսին ձերբակալվել է հենց այն ժամանակ, երբ Բերիան Միկոյանի և Մալենկովի հետ եկել են Հայաստան՝ կուսակցական և պետական աշխատողների մաքրում, փաստացի՝ ռեպրեսիա իրականացնելու: Մուղդուսին ՆԳԺԿ ղեկավար էր, երբ 1936 թ. սպանվեց Ա. Խանջյանը: Հայաստանում Ա. Խանջյանի ինքնասպանության պաշտոնական հայտարարությանը չհավատացողներից 800 մարդ ձերբակալվեց Մուղդուսու ջանքերով: Խանջյանի սպանությանը հաջորդեցին հայ մտավորականների, հատկապես գրողների փոխադարձ քաղաքական մերկացումները, մեղադրանքները, իսկ օգոստոսի վերջին՝ ձերբակալությունները: Նրանց մեծ մասին աքսորեցին, մի մասին գնդակահարեցին: Մուղդուսին մասնավոր հետևողական էր հատկապես ձերբակալված Ե. Չարենցի և Ա. Բակունցի հարցում:

Մուղդուսու ստորագրությամբ է 1935 թ. նոյեմբերի 25-ին ձերբակալվել տարիներ շարունակ թուրքական ճակատում կռված, Սարդարապատի ճակատամարտի հերոս Մ. Սիլիկովը: 1937 թ. նոյեմբերի 26-ին, ՀՍՍՌ ՆԳԺԿ եռյակը գեներալին դատապարտել է մահապատժի, որն ի կատար է ածվել նոյեմբերի 22-ին (Սահակյան Ռ. Օ., Գեներալ-լեյտենանտ Մովսես Սիլիկյան (Կենսագրության անհայտ էջեր), Պատմա-բանասիրական հանդես, N 2, 2012, էջ 63-74, http://hpj.asj-oa.am/5798/1/2012-2-(63).pdf): Սիլիկովի գնդկահարության դատավաճռից մեկ ամիս առաջ ձերբակալվել էր նաև ինքը՝ Մուղդուսին:

Նուրիջանյան Ավիս (1896-1937), Բոլշևիկյան հեղափոխական, ապա՝ ՀԽՍՀ պետական գործիչ: Ծնվել է Կապանի շրջանի Վաչագան գյուղում: 1920 թ. նոյեմբերից մինչև դեկտեմբերի 4-ը Հայաստանի հեղափոխական կոմիտեի նախագահ, 1920 թ. նոյեմբերից 1921 թ. մայիս՝ Հայաստանում բոլշևիկյան նորաստեղծ կառավարության զինվորական գործերի ժողկոմ, 1921 թ. մայիսից մինչև սեպտեմբեր՝ հատուկ նշանակության խմբավորումների ղեկավար, 1921 թ. սեպտեմբերից 1923 թ. փետրվար՝ Հայաստանի ներքին գործերի մինիստր: Հայտնի է դաժան ռեպրեսիվ գործողություններով, մասնավորապես դաշնակցականների և «դաշնակցական» պիտակավորված մարդկանց դեմ դաժան պայքարով: Համարվում է, որ Նուրիջանյանի գործողությունների դաժանությունը 1921 թ. փետրվարյան հակաբոլշևիկյան ապստամբության պատճառներից մեկն է:

Նժդեհ Գարեգին (Գարեգին Եղիշեի ՏերՀարությունյան), (1886-1955), հայ պետական, ռազմական և դաշնակցական քաղաքական գործիչ: Ծնվել է Նախիջևանի գավառի Կզնուտ (այժմ՝ Կյուզնուտ) գյուղում: Նախիջևանում նախնական կրթությունից հետո ուսանել է Թիֆլիսի ռուսական գիմնազիայում, Սանկտ Պետերբուրգի համալսարանի իրավաբանական բաժնում, 1906 թ.` Բուլղարիայում՝ Սոֆիայի սպայական դպրոցում: 1907 թ. վերադարձել է Կովկաս, զբաղվել է հակասուլթանական և հակացարական գործունեությամբ: 1912 թ.՝ Բալկանյան առաջին պատերազմին Անդրանիկ Օզանյանի հետ միասին ղեկավարել է բուլղարական բանակի կողքին ստեղծված հայկական կամավորական վաշտը: Առաջին աշխարհամարտի նախօրեին վերադարձել է Կովկաս՝ Թուրքիայի դեմ կռվին Ռուսաստանի կողմից մասնակցելու համար: Բոլշևիկյան դարձած Ռուսաստանի կողմից Բրեստ-Լիտովսկի պայմանագրով պատերազմից դուրս գալուց հետո հայկական զորաջոկատների հետ մասնակցել է Հայաստանի պաշտպանությանը թուրքական բանակի ներխուժումներից: 1919-1920 թթ. մասնավորապես կազմակերպել է Զանգեզուրի պաշտպանությունը և նույնիսկ Հայաստանի խորհրդայնացումից հետո զենքը վայր չի դրել և Զանգեզուրում կռվել է բոլշևիկյան կարմիր բանակի ներխուժումների դեմ: Մասնավորապես 1920 թ. ապրիլի 28-ին Ադրբեջանի խորհրդայնացումից հետո դիմադրել է բոլշևիկյան կարմիր բանակին միացած մուսավաթական զորամիավորումների կողմից Ղարաբաղի, Զանգեզուրի, Նախիջևանի տարածքներն Ադրբեջանին բռնակցելու գործողություններին: 1921 թ. հուլիսին, երաշխիքներ ստանալով, որ Զանգեզուրը կմնա Խորհրդային Հայաստանի կազմում, իր զինակիցների մի մասի հետ անցել է Պարսկաստան: Նժդեհի գործունեության 1919-1921 թթ. շրջանը հետագայում շատ ծանր անդրադարձավ Խորհրդային Հայաստանում և ԽՍՀՄ-ում մնացած նրա զինակիցների և համակիրների վրա, որոնց հանդեպ քաղաքական բռնությունների շրջանում առաջադրվում էին «նացիոնալիստ», «տեռորիստ», «դաշնակցական» մեղադրանքները, որոնց գումարվել էր նաև սպառնալի օգտագործում ստացած «նժդեհական» տերմինը: Վերջինս իր մեջ խտացնում էր առաջին երեքը և «հակասովետական», «հակահեղափոխական» տերմինի համարժեքն էր: Սյունիքում ռեպրեսիաների զոհերի մասին պատմող բանասացների՝ սույն կայքում տեղադրված նյութերում հաճախ է հանդիպում «նժդեհական» տերմինը:

1923 թ. սկսած Նժդեհն ապրել է Ռումինիայում, Բուլղարիայում, իսկ 1933 թ. մեկնել է ԱՄՆ՝ դաշնակցական գործունեության և Ցեղակրոն շարժումը ծավալելու նպատակով:

Ցեղակրոնների խմբի լուսանկարը Գարեգին Նժդեհի հետ (կենտրոնում նստածը) Դետրոյթում, որտեղ Ցեղասպանությունից փրկված հայերի զգալի մեծ համայնք էր ձևավորվել, 1935թ.: (Լուսանկարը տրամադրել է Վաշինգտոնում, Անանդեյլ քաղաքում ապրող Րաֆֆի Շահրիգյանը, ում մայրը՝ Սոնան նույնպես Ցեղասպանությունից փրկված որբերից էր և հարել է Ցեղակրոն շարժմանը):

Ցեղակրոնների խմբի լուսանկարը Գարեգին Նժդեհի հետ (կենտրոնում նստածը) Դետրոյթում, որտեղ Ցեղասպանությունից փրկված հայերի զգալի մեծ համայնք էր ձևավորվել, 1935թ.: (Լուսանկարը տրամադրել է Վաշինգտոնում, Անանդեյլ քաղաքում ապրող Րաֆֆի Շահրիգյանը, ում մայրը՝ Սոնան նույնպես Ցեղասպանությունից փրկված որբերից էր և հարել է Ցեղակրոն շարժմանը):

Ցեղակրոնների խմբի լուսանկարը Գարեգին Նժդեհի հետ (կենտրոնում նստածը) Դետրոյթում, որտեղ Ցեղասպանությունից փրկված հայերի զգալի մեծ համայնք էր ձևավորվել, 1935թ.: (Լուսանկարը տրամադրել է Վաշինգտոնում, Անանդեյլ քաղաքում ապրող Րաֆֆի Շահրիգյանը, ում մայրը՝ Սոնան նույնպես Ցեղասպանությունից փրկված որբերից էր և հարել է Ցեղակրոն շարժմանը):

1944 թ. հոկտեմբերին խորհրդային հակահետախուզության կողմից ձերբակալվել է Բուլղարիայում, տեղափոխվել ԽՍՀՄ, իսկ կնոջն ու զավակին աքսորել են Բուլղարիայի Պավլիկենի քաղաք: Դատապարտվել է 25 տարվա բանտարկության: Մահացել է Վլադիմիր քաղաքի բանտում 1955 թ.: Արդարացվել է 1992 թ. հոկտեմբերի 30-ին ՀՀ դատախազության կողմից:

Հաշվի առնելով, որ Նժդեհի 1920-1921 թթ. գործունեությունը Խորհրդային Հայաստանի քաղաքական բռնաճնշումների շրջանում զգալի ազդեցություն է ունեցել հատկապես Զանգեզուրի բնակչության վրա, ավելորդ չի թվում մի փոքր մանրամասնել այդ շրջանը:

1920 թ. ապրիլի 28-ին Ադրբեջանի խորհրդայնացումից հետո բոլշևիկյան կարմիր բանակին միացած մուսավաթական զորամիավորումները շարունակում էին Նախիջևանի, Ղարաբաղի և Զանգեզուրի տարածքների գրոհները: Նոյեմբերի 21-ին Զանգեզուրում բոլշևիկներին հաղթած նժդեհյան ուժերը մտան Գորիս, իսկ դրանից տաս օր հետո, դեկտեմբերի 2-ին, Հայաստանի հյուսիսում բոլշևիկները վերցրին իշխանությունը: Այսպիսով Հայաստանի տարածքում զուգահեռաբար ընթանում էր երկու գործընթաց. մի մասում՝ հարավում, պայքարում էին թաթարների՝ կովկասյան թուրքերի ներխուժումների դեմ և Զանգեզուրի անկախության համար, մյուս մասում հայ բոլշևիկները թաթարական զորամիավորումների օգնությամբ Հայաստանը հայտարարեցին խորհրդային: 1920 թ. դեկտեմբերի 6-ին Հայաստանի բոլշևիկյան մասում անմիջապես ստեղծվեց Հակահեղափոխության դեմ պայքարի արտակարգ հանձնաժողով (Чрезвычайная комиссия-ЧК)` հակահեղափոխության, սաբոտաժի և հանցագործության դեմ պայքարելու համար: Հայաստանի խորհրդայնացումից անմիջապես հետո բոլշևիկյան իշխանությունն ակտիվ պայքար սկսեց այսպես կոչված ժողովրդի թշնամիների դեմ: Որպես այդպիսիք էին ընկալվում նաև Զանգեզուրի պաշտպանները (սույն կայքում տեղադրված նյութերում ցայտուն արտահայտված են Զանգեզուրի պաշտպանների նկատմամբ բոլշևիկյան ռեպրեսիվ գործողությունների դրսևորումները): Բոլշևիկյան 11-րդ կարմիր բանակին երեք շաբաթ առաջ հաղթած Նժդեհը 1920 թ. դեկտեմբերի 25-ին, Զանգեզուրի գյուղերից 118 պատվիրակի մասնակցությամբ Տաթևի վանքում հրավիրեց համազանգեզուրյան առաջին համագումարը, որտեղ հռչակվեց ինքնավար Սյունիք, որոշվեց «Զանգեզուրը հայտարարել ժամանակավորապես ինքնավար՝ մտցնելով հանրապետական իրավակարգեր, լինելով անկախ, մինչև քաղաքական հնարավորություն կունենա միանալու իր մայր երկրի` Հայաստանի հետ»: 1921 թ. փետրվարի 15-17-ին սյունեցիները գրավեցին Դարալագյազը (ներկայիս Վայոց Ձորը) և միացրին անկախ Սյունիքին: Նույն օրերին բոլշևիկյան Հայաստանում բռնկվեց Փետրվարյան հակաբոլշևիկյան ապստամբությունը, բոլշևիկյան իշխանությունը 40 օրով տապալվեց: Փետրվարյան ապստամբության պարտությունից հետո` ապրիլի 2-ին, բոլշևիկյան բռնությունից փախչող 12,000 մարդ, այդ թվում` 4,000-ը զինվորականություն, հեռացավ Երևանից և ազատագրված Դարալյագազով անցավ անկախ Սյունիք: 1921 թ. ապրիլի 27-ին հրավիրվեց համազանգեզուրյան երկրորդ համագումարը, որոշվեց ինքնավար Զանգեզուրի տարածքն անվանել Լեռնահայաստան, պետությունը՝ Հայաստանի Հանրապետություն: Ամիս ու կես անց, 1921 թ. հունիսի 12-ին, Խորհրդային Հայաստանի կառավարությունը Ալեքսանդր Մյասնիկյանի գլխավորությամբ Զանգեզուրը հայտարարեց ՀՍՍՌ կազմում: Լեռնահայստանի ապստամբներն աստիճանաբար անցան Պարսկաստան: Հուլիսի 9-ին Արաքսն անցավ նաև Նժդեհը: Եթե մինչ այդ բոլշևիկյան հայ-ադրբեջանական հարաբերություններում Ղարաբաղի ենթակայության հարցը փաստացի սառեցված էր, ապա 1921 թ. հունիսի վերջին, երբ Զանգեզուրը գրավվեց բոլշևիկների կողմից, Ղարաբաղի հարցում վերաբերմունքը փոխվեց: 1921 թ. հունիսի 27-ին Ադրբեջանի Կոմկուսի ԿԿ քաղբյուրոն և կառավարությունը միացյալ նիստում որոշեցին Ղարաբաղը խլել Հայաստանից:

Ավելի ուշ քաղաքական բռնությունների առաջին ալիքը Զանգեզուրում ուղղվեց հենց ազգային-ազատագրական պայքարի մասնակիցների դեմ, ինչը հստակ երևում է նաև Սյունիքի մարզի մեր զրուցակիցների ընտանեկան հիշողությունների՝ սույն կայքում տեղադրված պատմություններից: Բոլշևիկները նրանց հայտարարեցին «հակասովետականներ», «անհարազատներ», «ժողովրդի թշնամիներ», «ազգայնականներ», «դաշնակցականներ» և 1927-1928 թթ. սկսած աստիճանաբար «մաքրեցին» Զանգեզուրը բոլոր հնարավոր և անհնար «անհարազատներից»՝ զուգահեռաբար ներդնելով նաև Նժդեհի հրեշավոր կերպարի պատկերացումը:

Վաղարշակ Նորենց (Վաղարշակ Տոնապետի Երիցյան), (1903-1973), հայ բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1967), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934-ից։ Ծնվել է Արևմտյան Հայաստանի Սասուն գավառի Շենիկ գյուղում։ 1915 թ. Ցեղասպանության ընթացքում ականատես է եղել Սասունի չորսամսյա (ապրիլ-հուլիս) դիմադրությանն ու զարհուրելի կոտորածին: 1919 թ. գարնանը հազարավոր որբերի հետ Մուշից գաղթել է Անդրկովկաս: Ձերբակալվել է 1936 թ. Խանջյանի սպանությունից անմիջապես հետո: Ձերբակալությունից առաջ Գրողների միության ժողովը քննարկել է Նորենցի քաղաքական բարեհուսության հարցը: Ելույթ ունեցողները նրան մեղադրել են նացիոնալիստական հայացքների մեջ, որպես այդպիսին դիտարկելով նաև իր որդուն Սասունիկ կոչելու իրողությունը (ՀԽԳՄ կուսակցական կազմակերպության 1936 թ. օգոստոսի 7-ի ժողովից: ՀՊԱ, ֆ. 1346, ց. 1, գ. 4, թ. 13-16, էջ104-106):

Շահումյան Ստեփան Գևորգի (1878-1918), հայ հեղափոխական, քաղաքական գործիչ, մարքսիստ տեսաբան, լրագրող, գրաքննադատ: Ծնվել է Թիֆլիսում: Երիտասարդ տարիքից հարել է սոցիալ-դեմոկրատական հոսանքներին: 1901 թ. Ռուսական սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցության անդամ էր: 1902 թ. ձևավորել է «Հայ սոցիալ-դեմոկրատական միությունը»՝ որպես ռուսականի մաս: Նույն թվականին ընդունվել է Բեռլինի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի պետական իրավունքի բաժինը: Ծանոթացել և համագործակցել է Կ. Կաուցկու, Ա. Բեբելի, Ֆ. Մերինգի, Կ. Լիբկնեխտի, Ռ. Լյուքեմբենբուրգի հետ: 1903 թ. Շվեյցարիայում առաջին անգամ հանդիպել է Լենինի հետ և այնուհետև մինչև իր մահը նրանց միջև ջերմ բարեկամությունը շարունակվել է: Հայերեն է թարգմանել «Կոմունիստական կուսակցության մանիֆեստը»: 1905 թ. վերադարձել է Թիֆլիս, ղեկավարել է բանվորական գործադուլները, ցույցերը, բոլշևիկյան քարոզչությունը ողջ Անդրկովկասում: Աշխատակցել է բոլշևիկյան «Վպերյոդ» («Вперед»), «Պրոլետարիյ» («Пролетарий») թերթերին, հիմնադրել է «Կավկազսկի ռաբոչի լիստոկ» («Кавказский рабочий листок») Անդրկովկասում առաջին բոլշևիկյան լեգալ թերթը, իսկ 1906-07-ին՝ «Կայծ», «Նոր խոսք» և «Օրեր» հայերեն թերթերը: 1907 թ. տեղափոխվել է Բաքու և դարձել տեղի կուսակցական կազմակերպության ղեկավարը: Կրթված և մտավորական մարդ լինելով՝ անառարկելի հեղինակություն է ունեցել Անդկովկասի հիմնականում թերուս կամ ինքնուս բանվոր բոլշևիկների շրջանում: 1915 թ. աքսորվել է Սարատով: Ազատվել և Բաքու է վերադարձել Փետրվարյան հեղափոխությունից հետո: 1917 թ., լինելով բոլշևիկների Բաքվի խորհրդի ղեկավար, նույն թվականի հոկտեմբերյան հեղափոխությունից հետո ղեկավարել է Բաքվի բոլշևիկյան Կոմունան, իսկ դեկտեմբերի 16-ին նշանակվել է Կովկասի գործերի արտակարգ կոմիսար: 1918 թ. մարտին Բաքվում ճնշել է մուսավաթական ապստամբության փորձը՝ օգտագործելով նաև Բաքվում գտնվող հայ զինվորների գունդը, որը Կովկասյան ճակատից վերադառնալիս մնացել էր Բաքվում, քանի որ երկաթուղին վերահսկվում էր մուսավաթականների կողմից: Բաքվում անգլիացիների վերահսկողության սահմանումից հետո ձերբակալվել է 1918 թ. ամռանը, բայց սեպտեմբերի 15-ին, օսմանյան թուրքերի կանոնավոր բանակի և մուսավթական զորամիավորումների Բաքու մտնելու օրը, Ա. Միկոյանի ջանքերով մյուս կոմիսարների հետ փախել է: Գնդակահարվել է Բաքվի 26 կոմիսարների հետ միասին Թուրքմենստանում, 1918 թ. սեպտեմբերին: Դեմ է եղել ազգերի ինքնորոշման իրավունքին՝ այն համարելով զիջում ցարական Ռուսաստանի ճնշված ժողովուրդների ազգայնական ցանկություններին:

Չարենց Եղիշե (Եղիշե Աբգարի Սողոմոնյան), (1897-1937), հայ բանաստեղծ, պետական, հասարակական գործիչ: Ծնվել է Կարսում, բանաստեղծություններ սկսել է գրել պատանի հասակից: 1908-12 թթ. սովորել է Կարսի ռեալական դպրոցում: Կարսն այն ժամանակ Ռուսաստանի կազմում էր: Հայոց Ցեղասպանության օրերին, 1915 թ., տասնյոթամյա պատանին միացել է հայկական կամավորական առաջին ջոկատներին, 1915 թ. դեկտեմբերի 25-ին մասնակցել Սուլդուզի դաշտի ճակատամարտին: Շատ տպավորված գրել է «Դանթեական առասպել» պոեմը: 1916 թ. կեսերին Չարենցը հեռացել է բանակից, գնացել նախահեղափոխական Մոսկվա, որտեղ եռում էին քաղաքական, կուսակցական կրքերը, բայց նաև՝ գրական կյանքը: 1917 թ. Ռուսաստանում Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո 1918-ին վերադարձել է նորաստեղծ պետականությամբ Հայաստան՝ վստահելով արդար հասարակություն կառուցելու բոլշևիկների գաղափարներին: «Սոմա» և «Ամբոխները խելագարված» պոեմները գրվել են այդ շրջանում: Խանջյանի սպանությանը հաջորդած հայ գրողների մի խմբի ձերբակալությունից հետո, 1936 թ. սեպտեմբերին Չարենցին տնային կալանքի տակ են վերցնում: Գրադարաններից և գրախանութներից հավաքում են Չարենցի գրքերը: Նույն ժամանակ ՆԳԺԿ որոշմամբ այրում են Մարտիրոս Սարյանի վրձնին պատկանող «ժողովրդի թշնամիների» 11 դիմանկար: 12-րդը՝ Չարենցի դիմանկարը, չի գտնվել (այսօր այն ամենահայտնի դիմանկարներից է): 1937 թ. մարտի 1-ին ԽՍՀՄ «գլավլիտը» «Գաղտնի» մակագրությամբ տեղեկացնում է ՀամԿ(բ)Կ ԿԿ գլխավոր գաղափարախոս Ժդանովին, որ «Հայ բանաստեղծ Չարենցի 1933 թ. Երևանում լույս տեսած «Գիրք ճանապարհի» ժողովածուի «Պատգամ» բանաստեղծության տողերի երկրորդ տառերն ուղղահայաց ընթերցելու դեպքում գաղտնի նացիոնալիստական կոչ կա՝ «Ո՜վ հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է» (Гамлет Мирзоян, АРМЯНЕ В СТАЛИНСКИХ РАССТРЕЛЬНЫХ СПИСКАХ, – http://noev-kovcheg.ru/mag/2010-03/1993.html): Մինչ խորհրդային «պատժիչ մեքենան» որոշում էր ինչպես վարվել «նացիոնալիստական կոչ»-ի հեղինակի հետ, այդ «սարսափելի կոչի» մասին դեռևս չիմացած հայ գրողների մի շարք տնային բանտարկության ենթարկված Չարենցի համար նորանոր քաղաքական «մեղքեր» էր գտնում (Նաիրի Զարյան, Հր. Քոչար, Գևորգ Աբով): Իսկ երբ հայ գրողների այդ խմբին հայտնի դարձավ, որ Չարենցի «Պատգամ» բանաստեղծությունը երկրորդ տառերով գաղտնիմաստ ունի, Չարենցին հետապնդող գրողների անսանձ երևակայությունը նոր նյութ ստացավ: Մասնավորապես, Գևորգ Աբովի կարծիքով Չարենցը սույն «ակրոստիքոս»-ում «դրել է նացիոնալիստական տրամադրություններ, որտեղ դրել է հայ ժողովրդի հավաքագրման խնդիրը: Այդտեղ իմաստն այն է, որ հայ կապիտալիստները պետք է հավաքվեն Հայաստան, և այստեղ Նուբար Փաշան պետք է գա, որ այստեղ պետք է ստեղծվի հայկական բուրժուազիայի տիրապետության մի վայր» (Չարենցապատում ըստ անտիպ վավերագրերի. Հ. Բախչինյանի հրապարակումներով, մեկնաբանությամբ և ծանոթագրություններով, Եր., «Սարգիս Խաչենց», 1997, էջ 98): Հուլիսի 27-ին Չարենցին ձերբակալում են: Համարվում է, որ Եղիշե Չարենցը մահացել է Երևանի բանտային հիվանդանոցում` 1937 թ. նոյեմբերի 27-ին՝ չդիմանալով կտտանքներին: «Մոլորակ» հանդեսի 1997 թ.-ի մարտի 18-ի համարում հրապարակված «Ինչպես վախճանվեց Չարենցը» վերնագրով մի հոդված փորձում է նորովի լուսաբանել Չարենցի կյանքի վերջին օրը, ըստ որի Մուղդուսին ինքն է 1937 թ. նոյեմբերի 27-ին ուղեկցել գնդակահարության վայր և մասնակից է եղել Չարենցի սպանությանը: Սակայն Մուղդուսին 1937 թ. սեպտեմբերին արդեն ձերբակալված էր և չէր կարող նոյեմբերին ուղեկցել գնդակահարության տարվող Չարենցին:

Ստալին Իոսիֆ Վիսարիոնի (Ջուղաշվիլի Իոսիֆ), (1878 կամ 1879-1953), ռուսական հեղափոխական, խորհրդային քաղաքական, պետական, զինվորական և կուսակցական գործիչ, 1920-ական թվականներից մինչև մահ՝ խորհրդային պետության ղեկավար: Ծնվել է Թիֆլիսի նահանգի Գորի քաղաքում: Սովորել է հոգևոր սեմինարիայում, երիտասարդ տարիքից հետաքրքրվել է մարքսիզմով, 15 տարեկանից կապվել է ընդհատակյա մարքսիստական խմբերի հետ: Սեմինարիայից նրան հեռացրել են չորրորդ դասարանն ավարտելուց հետո: Այնուհետև ամբողջովին զբաղվել է հեղափոխական գործունեությամբ: Նրա իշխանության շրջանը բնորոշվում է որպես ամբողջատիրության հաստատման և քաղաքական բռնությունների շրջան, որոնցով ուղեկցվել են նաև տնտեսական մեծագույն ծրագրերը՝ արդյունաբերացում, կոլեկտիվացում, ազգային խնդրի լուծումները՝ ազգային հանրապետությունների, տարբեր մակարդակների ազգային ինքնավարությունների ձևավորումները, ժողովուրդների բռնագաղթերը և այլն: Ստալինիզմի շրջանում բռնագաղթի ենթարկված մի շարք ժողովուրդներ՝ գերմանացիները, կարաչայները, կալմիկները, բալկարները, ինգուշները, չեչենները, Ղրիմի թաթարները զրկվել են իրենց ինքնավարություններից: Խորհրդային քաղաքական բռնությունների ծավալն ու խորությունը, դրսևորման մեթոդներն ու ձևերը ստացել են «ստալինիզմ» անունը: Ըստ իրավապաշտպան «Մեմորիալ» կազմակերպության նյութերի, Խորհրդային բռնությունների տարիներին քաղաքական մեղադրանքի զոհ են դարձել 4,5 – 4,8 միլիոն մարդ, որից գնդակահարվել են 1,1 միլիոնը, մյուսները հայտնվել են ճամբարներում կամ այլ աքսորավայրերում, տարիներով մնացել են բանտերում, 6,5 միլիոն մարդ բռնի տեղահանվել են, մոտ 4 միլիոն մարդ «ձայնազուրկ» է դարձել, 6-7 միլիոն մարդ զոհվել են սովից 1932-1933 թթ. և այլն: Ստալինն անձամբ էր ստորագրում գնդակահարության ենթարկվողների հատուկ ցուցակները (http://stalin.memo.ru/images/intro.htm; http://www.mat.univie.ac.at/~neretin/1937/liter.html): Այս ցուցակները հայտնի դարձան միայն 1956 թ. (http://www.echo.msk.ru/blog/echomsk/1025092-echo/):

Հայաստանի Ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) և Պետական Ազգային անվտանգության (ՊԱԿ), (1920-1926 թթ.՝ Արտակարգ Հանձնաժողով (ԱՀ), 1926-1934 թթ.՝ Պետական Քաղաքական Վարչություն (ՊՔՎ), 1934-1941 թթ.՝ Ներքին Գործերի Ժողովրդական Կոմիսարիատ (ՆԳԺԿ), 1941-1946 թթ.՝ Պետական Անվտանգության Ժողովրդական Կոմիսարիատ (ՊԱԺԿ), 1946-1953 թթ.՝ Պետական Անվտանգության Նախարարություն (ՊԱՆ), 1953-1954 թթ.՝ Ներքին Գործերի Նախարարություն (ՆԳՆ), 1954-1991 թթ. Պետական Անվտանգության Կոմիտե (ՊԱԿ))արխիվներում քաղաքական բռնաճնշումների ենթարկված քաղաքացիների փաստաթղթերը հետազոտած Ա. Մանուկյանի ամփոփումների համաձայն 1920-1953 թթ. ընթացքում Հայաստանում զանազան ձևերի քաղաքական բռնությունների զոհ է դարձել մոտ 42 հազար մարդ։ Ա. Մանուկյանը քաղաքական բռնաճնշումներն ըստ ժամանակագրության և բռնաճնշումների մեթոդի դասակարգել է հետևյալ պարբերականությամբ.

  • 1920-1930 թթ. – քաղաքական մեղադրանքներով դատական կարգով տարբեր մակարդակների ազատազրկման և գնդակահարության են դատապարտվել 1246 մարդ,
  • 1921թ. մոտ 1400 նախկին զինվորականներ աքսորվել են Ռուսաստան, Ռյազան քաղաք,

Արդյունքում 1920-1930թթ. քաղաքական պատճառներով տուժել են Հայաստանի 2,646 քաղաքացիներ:

  • 1930-1940 թթ. քաղաքական բռնաճնշումների ենթարկվածների թիվը 18 հազար մարդ է: Այս թվականներին զանգվածային բռնություններն իրենց գագաթնակետին են հասել համատարած կոլեկտիվացման տարիներին և 1937-1938 թթ., որոնցում ներգրավվել է 15,670 մարդ: Եթե սրան գումարենք ՆԳՆ արխիվում պահվող 1937-1938 թթ. բռնաճնշվածների երկու հազար գործերը, ապա, ըստ Ա. Մանուկյանի, 1930 – 1940 թթ. Հայաստանում բռնաճնշումների ենթարկվածների թիվը մոտ 18 հազար մարդ է։
  • 1940-1953 թթ., ըստ ՀՀ ԱԱՆ արխիվի տվյալների, քաղաքական մեղադրանքներով դատապարտվել է 8,222 մարդ, իսկ 1949 թ. աքսորվել է 13,272 մարդ (Մանուկյան Ա,. Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում 1920-1953 թթ., Երևան, էջ 230)։ Աքսորվածների գործերը պահվում էին ՆԳՆ արխիվում:

Արդյունքում ըստ այս հետազոտության տվյալների 1940-1953 թթ. ընթացքում Հայաստանում քաղաքական բռնաճնշումների ենթարկվածների թիվը հասնում է 21,494 մարդու (Մանուկյան Ա,. նշվ. աշխ., էջ 238):

«Ստալինիզմ»-ի շրջանը Ն. Խրուշչեվի ձևակերպմամբ ստացավ «անհատի պաշտամունք» բնորոշումը, ինչը, թերևս, մոտ է իրականությանը խորհրդային դաստիարակության և զանգվածային մշակույթի իմաստով («Ստալինի իմաստուն կառավարում», «հայր Ստալին», «հանճարեղ Ստալինի որոշումները», «անսխալական Ստալինի մոտեցումները», «հանուն Ստալինի», «մեր բոլորի սիրելի Ստալինը», «արդարության մարմնացում Ստալինը», «ամենաարդար Ստալինը» և այս կարգի այլ դարձվածքները թե՛ հռետորական, թե՛ գրական, թե՛ լրատվական, թե՛ ուսուցման անբաժան բաղադրիչն էին շուրջ երեսուն տարի): Երկիրը վերևից ներքև կառավարվում էր խստագույն վարչա-հրամայական մեթոդով՝ կառավարիչների խստագույն ռեժիմի վերահսկողությամբ: Դա փաստացի բռնապետություն էր: Քաղաքացիների կյանքի բոլոր ոլորտներն անցել էին պետական վերահսկողության տակ:

Վիշինսկի Անդրեյ Յանուարի (1883-1954), խորհրդային պետական և կուսակցական գործիչ, իրավաբան: Համարվում է ստալինյան քաղաքական բռնությունների կազմակերպիչներից մեկը: 1925-1928 թթ. Մոսկվայի պետական համալսարանի ռեկտորն էր, իրավաբանական գիտությունների դոկտոր, 1939 թ.՝ ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս: 1935-1939 թթ. ԽՍՀՄ գլխավոր դատախազն էր, 1949-1953 թթ.՝ Արտաքին գործերի մինիստրը: Քաղաքական բռնությունների իրավական կողմն ապահովող Վիշինսկին շրջանառության մեջ դրեց մի իրավական պրակտիկա, ըստ որի մեղադրվողն ինքը պետք է ապացուցի իր անմեղությունը: Սա այն դեպքում, երբ մեղադրվողների մեծ մասը նույնիսկ չգիտեր իրեն առաջադրված մեղադրանքը կամ միայն քննության ընթացքում էր հասկանում, թե ինչու՞մ են իրեն մեղադրում: Իսկ 1937-1938 թթ. ընթացքում հաճախ նույնիսկ քննություն չէր լինում և եռյակներն իրենք էին որոշում մեղադրյալի ճակատագիրը:

Տրոցկի Լեվ Դավիթի (Բրոնշտեյն Լեյբա Դավիթի), (1879-1940), միջազգային կոմունիստական շարժման գործիչ, մարքսիզմի ուղղություններից մեկի գաղափարախոսը, որն ստացել է տրոցկիզմ անունը (պերմանենտ հեղափոխության տեսություն՝ ի տարբերություն փուլային հեղափոխության, համաշխարհային սոցիալիստական հեղափոխության անհրաժեշտություն՝ որպես հակադրություն մեկ երկրի սոցիալիզմի, 1923 թ.-ից հետո՝ ներկուսակցական և խորհրդային ղեկավարման մեջ ժողովրդավարության բացակայության քննադատություն, ԽՍՀՄ-ի քաղաքական ռեժիմի հեղափոխության անհրաժեշտություն, անցումային շրջանի սկզբունքների օգտագործում, կապիտալիստական երկրներում բանվորական շարժումների աջակցության անհրաժեշտություն): Կոմինտերնի հիմնադիրներից և գաղափարախոսներից մեկը: 1917 թ. հոկտեմբերյան հեղափոխության կազմակերպիչներից մեկը: Խորհրդային կառավարությունում արտաքին գործերի ժողկոմ էր, 1918-1925 թթ.՝ ռազմական և ծովային գործերի ժողկոմ: 1923 թ.-ից ներկուսակցական ձախ ընդդիմության առաջնորդը: 1927 թ. հեռացվել է բոլոր պաշտոններից, 1929 թ. աքսորվել է ԽՍՀՄ-ից: 1940 թ. Մեքսիկայում մահացու վիրավորվել է ՆԳԺԿ գործակալ Ռամոն Մերկադերի հարվածից: 1927 թ. սկսած «տրոցկիզմը» և «տրոցկիստը» խորհրդային քաղաքական բռնությունների համատեքստում հավասարազոր էր «հակասովետականին», «ժողովրդի թշնամուն», իսկ հրապարակախոսական հռետորաբանությունում լայնորեն օգտագործվում էր՝ առանց որևէ կոնկրետ գաղափարախոսական հստակ բովանդակության: «Տրոցկիզմ»-ում մեղադրվող խորհրդային շատ քաղաքացիներ նույնիսկ չգիտեին ի՞նչ է «տրոցկիզմը» և ինչում է արտահայտվել մասնավորապես իրենց «տրոցկիզմը»: Ստալինի նախկին քարտուղար Բաժանովի կարծիքով «տրոցկիզմի ողջ տեսությունը վարագույր էր» իշխանությունը անձային վերադասավորումների ենթարկելու համար» (Б. Бажанов, Воспоминания бывшего секретаря Сталина, Санкт Петербург, 1992, 10-րդ գլուխ, Քաղբյուրոյի անդամները, Տրոցկի): 

Share
  • RSS
  • Newsletter
  • Facebook
  • YouTube