logo_hazarashen     logo_vhs     logo_federal
Pages Navigation Menu

Կոլխոզ, կոլտնտեսություն

Կոլխոզ, կոլտնտեսություն – ռուսերեն Колективное хозяйство (կոլեկտիվ տնտեսություն) բառերի համառոտագրվող ձևը, հայերեն համարժեքը ռուսերենից թարգմանությունն է` կոլտնտեսություն: Կոլխոզ/կոլտնտեսությունը ԽՍՀՄ-ում գյուղերում ընդունված տնտեսվարման համակարգ էր: Գյուղական բնակչության ունեցվածքը և աշխատանքը այդ համակարգին անցավ «կոլեկտիվացման» մասին որոշումների հիման վրա, 1928-30-ական թթ.: Կոլեկտիվացման համակարգի համաձայն գյուղական արտադրության միջոցները (հողը, գործիքները, անասունները, սերմացուն և այլն) համարվում էին կոլխոզի բոլոր անդամների ընդհանուր սեփականություն, աշխատանքը ղեկավարում էր կոլխոզի անդամների կողմից ընտրված մարդը` կոլխոզի նախագահը: Մինչև կոլխոզների ձևավորումը գյուղացիների զգալի մասը հող էր ստացել 1920թ. դեկտեմբերի 28-ին ընդունված հողի մասին դեկրետով և ապա 1923 թ. ընդունված հողային օրենսգրքի համաձայն, որի հետևանքով ԽՍՀՄ-ում բռնագրավվեցին կալվածատիրական հողերը, կատարվեց բոլոր հողերի ազգայնացում, այնուհետև դրանք բաժանվեցին գյուղացիական տնտեսությունների միջև: Կոլխոզների ձևավորումով գյուղացիական տնտեսություններից հողը ետ էր վերցվում, ամրակցվում էր կոլխոզին և ենթակա չէր վաճառքի կամ վարձակալության: Կոլխոզի անդամների աշխատանքի արդյունքները բաշխվում էին անդամների ընդհանուր ժողովի որոշմամբ, բայց խստորեն կարգավորված էին: Այսպես, արդյունքի որոշակի մասը վաճառվում էր պետությանը շատ ցածր, պետության կողմից որոշված գնով, պետական բանկերին էին վերադարձվում գարնանային աշխատանքների համար տրված վարկերը, վճարվում էին մեխանիզատորների աշխատավարձերը, ամբարվում էր կոլխոզի անուսունների կերապաշարը, և մնացած արդյունքը բաշխվում էր կոլխոզի անդամներին՝ ըստ աշխատած օրերի հաշվարկի (աշխօր):

Կոլխոզի անդամը կարող էր ունենալ նաև «տնամերձ հողամաս» և սահմանափակ թվով սեփական անասուններ (մինչև Ստալինի մահը` մեկ կով, երկու հորթ, տաս ոչխար և այծ, մեկ մայր խոզ):

Գյուղում ապրող մարդը կոլխոզում չաշխատելու իրավունք չուներ: 1948թ. փետրվարի 21-ին Նիկիտա Խրուշչեվի նախաձեռնությամբ ԽՍՀՄ գերագույն խորհրդի նախագահությունը որոշում ընդունեց նախ` Ուկրաինայի, ապա, հունիսի 2-ին` ողջ ԽՍՀՄ-ի համար` գյուղատնտեսական աշխատանքներից չարամտորեն խուսափող, հակահասարակական, մակաբույծի (պարազիտ) կյանքով ապրողներին դատապարտել ութ տարվա աքսորի: Այս որոշումը գործել է մինչև 1953թ.:

Ստալինի մահից հետո, 1956թ. որոշ փոփոխություններ եղան կոլխոզների և կոլխոզնիկների նկատմամբ: Արգելվեց կոլխոզի անդամությունից զրկելու պրակտիկան, աշխօրերն ազատվեցին հարկումից, նվազեց տնամերձ հողամասերից ստացվող եկամտահարկը, ավելացան տնամերձերի, սեփական անուսունների գլխաքանակի թույլատրելի չափերը և այլն: 1966թ. աշխօրերին փոխարինեցին աշխատավարձի երաշխավորված վճարները: Ժողովրդի մեջ այդ փոփոխությունները հայտնի են որպես Մալենկովի հեղինակած փոփոխություններ և նույնիսկ գյուղացիական երգեր էին հյուսվել Մալենկովի պատվին, ինչպես.

Տասը ոչխար, երկու կով,

Ցավդ տանեմ, Մալենկով:

1990-ական թթ. ԽՍՀՄ-ում շատ քիչ կոլխոզներ էին մնացել: Դրանք մեծ մասամբ փոխարինվել էին սովխոզներով:

Հայաստանը, սակավահող լինելով, շատ դժավարությամբ էր ձևավորում կոլխոզները: Հայաստանում կալվածատիրությունը տարածված չէր, ուստի խորհրդային իշխանության հողային փոփոխությունները քիչ չափով ավելացրին գյուղացու հողաբաժինը։ Հայաստանում խնդիրը դժվարանում էր նաև Թուրքիայում հայերի հանդեպ իրականացված Ցեղասպանությունից փրկված հայերի ներհոսքով, իսկ նրանք առհասարակ հողազուրկ էին: Սրանք լրացուցիչ դժվարություններ էին գյուղացիների սեփականության և գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման նոր համակարգի` կոլխոզների անցնելու ճանապարհին:

Երեսնական թվականներին կոլխոզների մեջ ընդրկվելուն դեմ գյուղացիները հաճախ պիտակվում էին որպես «հակասովետական», «անհարազատ» և ենթարկվում պատասխանատվության` ընդհուպ մինչև բանտարկություն, ձայնազրկում, աքսոր:

Share
  • RSS
  • Newsletter
  • Facebook
  • YouTube