logo_hazarashen     logo_vhs     logo_federal
Pages Navigation Menu

Ազգայնական, նացիոնալիստ

Ազգայնական, նացիոնալիստ – Ազգայնականություն, նացիոնալիզմ (ֆրանսերեն՝ Nationalisme): Մինչև այսօր քննարկվում են «ազգայնական», «ազգայնականություն» բառերի իրավա-փիլիսոփայական և հասարակական ընկալումները, բնույթը և չափորոշիչները: Ընդհանուր առմամբ կարող ենք ասել, որ դրանք ազգային (պետական) և էթնիկական արժեքների ընկալման, նմանօրինակ այլ արժեքների շարքում դրանց «տեղադրման», «գնահատման» աշխարհայացքն է, որը գաղափարախոսության վերածվելու դեպքում կարող է վերաճել «ազգայնականության», ինչն արդեն այս աշխարհայացքը պաշտպանելու կամ հաստատելու գործողություն է: Տարբեր ժամանակներում դրանք ունեցել են և ունեն տարբեր ուղղվածություն՝ «ազգային՝ էթնիկ ինքնության պաշտպանություն», «ազգային՝ էթնիկ խմբի ֆիզիկական պաշտպանություն», «ազգային՝ էթնիկ խմբի արժեքների հարկադրական տարածում» և այլն:

ԽՍՀՄ քաղաքական բռնությունների «հայկական առանձնահատկություններից» մեկը քաղաքական այլախոհության տարբեր ձևերի՝ տրոցկիստ, հակասովետական, հակահեղափոխական, հակաբոլշևիկյան, դաշնակցական և այլն համարյա պարտադիր «ազգայնական» կամ «բուրժուա-ազգայնական» մեղադրանքի առկայությունն էր բռնարարքների զոհերին առաջադրվող մեղադրանքների ցանկում: Մասնավոր ցայտունությամ այն դրսևորվել է երեսնական թվականների բռնությունների զոհերից մտավորականներին առաջադրվող մեղադրանքներում, ինչը «հիմնավորվում էր» կորուսյալ հայրենիքի՝ Արևմտյան Հայաստանի նկատմամբ նույնիսկ պարզ զգայական (կարոտ, ուղղակի հիշատակություն, այդ թվում՝ ցեղասպանության մասին հիշողություններ) վերբերմունքի դրսևորումներով: Իսկ 1949թ. բռնաքսորի՝ աքսորն իրականացնելուց հետո ձևակերպած «մեղադրական եզրակացություններում» ազգայնականությունը առկա է համարյա բոլոր գործերում:

Բոլշևիկացման հենց սկզբից ԽՍՀՄ-ում պայքար է մղվել «ազգայնականության» դեմ՝ որպես այդպիսին հասկանալով էթնիկ արժեքները բոլշևիկյան գաղափարախոսական արժեքներից բարձր դասելու գործողությունը, կամ, որը Կովկասում առավել ակտիվ էր, «ազգային կուսակցություն» կառույցներին անդամկացությունը, նախկին անդամակցությունը կամ դրանց հարելը: Հայաստանում այդպիսին համարվում էր «Հայ հեղափոխական դաշնակցությունը», արդյունքում բոլոր դաշնակցականները համարվում էին ազգայնական: Միաժամանակ հատկանշական է, որ ԽՍՀՄ քաղաքական բռնությունների ընթացքում նրանք փաստացի դատապարտվում էին նաև անցյալի գործողությունների համար, այդ թվում՝ հայ-թաթարական ընդհարումների ժամանակ ինքնապատշպանական կռիվներին մասնակցելու մեջ: Այսպես, քաղաքական բռնությունների առաջին ալիքը Զանգեզուրում ուղղված էր հենց ազգային ազատագրական պայքարի մասնակիցների դեմ, ինչը հստակ երևում է նաև Սյունիքի մարզի մեր զրուցակիցների ընտանեկան հիշողությունների պատմություններից:

Share
  • RSS
  • Newsletter
  • Facebook
  • YouTube