logo_hazarashen     logo_vhs     logo_federal
Pages Navigation Menu

Ծրագրի մասին

Ծրագրի մասին

2012 թվականին «Հազարաշեն» ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոն» հասարակական կազմակերպությունը Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ գերմանական հասարակական կազմակերպության (Գերմանիայի ժողովրդական բարձրագույն դպրոցների միության միջազգային համագործակցության ինստիտուտ) հետ համատեղ սկսեց Հայաստանում ԽՍՀՄ ամբողջատիրության շրջանի քաղաքական բռնաճնշումների դրսևորումների և դրանց հասարակական ներկա ընկալումների բացահայտմանն ուղղված մի ծրագիր՝ Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի ֆինանսական օժանդակությամբ: Ծրագիրն ուղղված է Խորհրդային Հայաստանի բնակչության մեջ ամբողջատիրության սոցիալ-մշակութային և սոցիալ-հոգեբանական դրսևորումների, խորհրդային առօրյայի ձևավորման գործընթացի վերհանմանը, և նպատակ է հետապնդում հետազոտության արդյունքների հանրայնացման միջոցով նպաստել բռնատիրական համակարգի թողած հետևանքների բացահայտմանը և մեղմմանը:

Ծրագիրը կոչվում է «Armenia total(itar)is» (Ամբողջ(ատիր)ական Հայաստան): «Total(itar)is» եզրով փորձել ենք ընդգծել, որ ուսումնասիրության առարկա են դառնում «ամբողջատիրության» դրսևորումներն ու «ամբողջատիրական» ժամանակաշրջանի խնդիրներն «ամբողջ» Հայաստանում՝ իր տարբեր առօրյա ոլորտներում: Ծրագիրը հիմնված է բանավոր պատմության մեթոդաբանության վրա, որի դեպքում հետազոտության հիմնական աղբյուրը մարդիկ են՝ իրենց ապրած կյանքով, լինեն նրանք ամբողջատիրական ժամանակաշրջանի ուղղակի կամ անուղղակի զոհերը, թե նրանց ժառանգները: Մարդկանց հետ զրույցների միջոցով փորձում ենք անհատական, ընտանեկան, և կոլեկտիվ հիշողության դաշտերում մի շարք շերտեր բացահայտել՝ ի՞նչ է պատմվում խորհրդային տարիների «մութ էջերի» մասին, կոնկրետ ո՞ր դրվագներն են դառնում հիշողության առանցքային դրսևորումները, ինչպե՞ս է «զոհ տված» ընտանիքը գոյատևել, ինչպե՞ս է ապասոցիալացվել և վերասոցիալացվել, ի՞նչ սոցիալ-մշակութային հետք է թողել կոնկրետ բռնությունը (այսինքն՝ տվյալ ընտանիքի դեպքը) և առհասարակ բռնության մթնոլորտն այդ ընտանիքի վրա, ի՞նչ տագնապներ ու վախեր են մնացել և այլն: Փորձում ենք պարզել, թե ինչպե՞ս են այդ մարդիկ բացատրում քաղաքական բռնությունների մթնոլորտի հնարավորությունն իրենց ծնողների, փաստացի՝ առնվազն երեք սերնդի կյանքում, ու՞մ կամ ի՞նչն են մեղավոր համարում, կամ առհասարակ փնտրու՞մ են արդյոք մեղավոր, մեղք, սխալ, թե՞ համարում են օրինաչափ և հասկանալի:

Նյութերի հավաքման ընթացքում մեր գիտելիքներն զգալի հարստացել են և ներկա պահին, հավանաբար, կարող ենք որոշ ընդհանրացումներ անել, որոնք որպես վերլուծական տեքստեր առաջիկայում գրքի տեսքով կներկայացվեն թեմայով հետաքրքրվողներին: Ծրագրի ընթացքում արդեն նկարահանվել է բանավոր պատմությունների վրա հիմնված փաստագրական կինոնկար, անց է կացվել սեմինար-քննարկում և կազմակերպվել է ամառային դպրոց Սյունիքի մարզկենտորն Կապան քաղաքում, ինչպես նաև ստեղծվել է սույն կայքը:

Կայքի Պատմություններ բաժնում կարող եք ծանոթանալ բանասացների պատմություններին՝ ծանոթագրված նյութերով: Նորություններ բաժնում կլինեն նորություններ ծրագրի շրջանակներում իրականացված միջոցառումների և ծրագրի նոր արդյունքների մասին: Լուսանկարներ և Տեսանյութեր բաժինները համապատասխանաբար մեր բանասացներին առնչվող լուսանկարներ ու տեսանյութեր են: Մամուլ բաժնում առայժմ ներկայացված են 1936-37, 1949 և 1953-56թթ. հայաստանյան մամուլի՝ սոցիալ-քաղաքական վիճակի մասին տեղեկություններ պարունակող նյութերի որոշ համարներ: Բառացանկում հարցազրույցներում հանդիպող եզրերի, անձանց և տեղանունների ծանոթագրություններն են: Փաստաթղթեր բաժնում կներկայացվեն մեր բանասացների ընտանեկան արխիվներում եղած փաստաթղթերը:

Մենք երախտապարտ կլինենք բոլոր նրանց, ովքեր հնարավոր կհամարեն իրենց պատմություններով հարստացնել մեր նյութերը: Հույս ունենք, որ սույն կայքը կնպաստի թեմայի շուրջ մտքերի փոխանակմանը:

 

Share
  • RSS
  • Newsletter
  • Facebook
  • YouTube