logo_hazarashen     logo_vhs     logo_federal
Pages Navigation Menu

Կամո Հայրապետյան-Աթաջանյան

Կամո Հայրապետյան-Աթաջանյան

…արդարության և անարդարության սահմանը շատ փխրուն է… շատ մոտիկ են, շա՜տ, չես տարբերի

Կամո Հայրապետյան-Աթաջանյանը պատմում է իր հոր` Սարգիս Աթաջանյանի մասին, 2012թ. հունիսին, Կապանի իր տանը: Հրատարակվում է խիստ կրճատված տարբերակը:

«Իմ հորը ձերբակալել են երկու անգամ, նախ` 30 թվին, հետո` 37-ին: 29 թվին տարել են, 30 թվին դատել են, աքսորել են, ու 35 թվին ետ է եկել: Գեղանուշ գյուղում էինք ապրում: (Նկ․ 1)

Ես, բնականաբար, լավ չգիտեմ պատմությունը, ես ծնվել եմ 1935 թվականին, աքսորից հորս վերադառնալուց հետո: Մորս պատմածով և ուրիշներից լսածներովս հորս դատել և աքսորել են Սիբիր որպես նացիոնալիստ, որպես հրահրող կոլխոզի դեմ: Կարծեմ այդ ժամանակ իրեն չեն մեղադրել դաշնակցական լինելու համար: Դա հետո եղավ: Ջրաղաց ուներ, դա համարում էր որպես կուլակ, հարուստ… Մայրս էր պատմում, ասում էր ջրաղացի համար ասում էին ինքը կուլակ է, իրեն տարել են: Ինքը չի ուզել կոլխոզ ընդունվել: Ինքն ասում էր, որ դրանով ես իմ ընտանիքս եմ կերակրում: Իրեն աքսորել են և ջրաղացը դարձրել կոլխոզի սեփականություն: Ես հիշում եմ այդ ջրաղացը, եղել է մինչև 52 թիվը: Ես այդ ջրաղացում անգամ որպես աշակերտ եմ աշխատել: Կոլխոզինն էր: Աքսորավայրում հայրս իրավունք չուներ տեղաշարժվելու, անձնագիր, իհարկե, չուներ, մի տեղեկանք ուներ, որ մինչև հիմա պահում եմ. (Նկ․ 2)

Հորս աքսորից հետո ընտանիքի անդամներին ձայնազրկեցին: Հայրս ետ է եկել 35 թվականին: Արդեն ոչ մի սեփականություն չուներ, կոլխոզի անդամ չէր, դժվար էր ապրելը: Հորս թույլ են տալիս Ղափանում ապրել և աշխատել: Այդ մասին նույնպես տեղեկանք կա, պահել եմ. (Նկ․ 3)

Այն տարիներին Ղափանում կոմունալ ծառայությունների արտել կար, այդտեղ աշխատեց երկու տարի: Բանվոր էր աշխատում, մի փոքրիկ բրիգադի հետ: Ես պահում եմ այդ թուղթը, որի վրա իր ձեռագրով գրված են բրիգադի անդամների անունները: 1937թ. հունվարի 17-ի ցուցակն է. (Նկ․ 4)։

Աքսորից վերադառնալուց հետո հայրս միայն երկու տարի ապրեց: Այդ ժամանակ բարի, խելոք մարդիկ հորս անընդհատ ասում էին, հուշում էին,- «Սարգիս, գնա այստեղից, դու այստեղ ապագա չունես»: Այդ տարիներին մեր գյուղից` Գեղանուշից շատերն են գնացել Միջին Ասիա, այդպես փրկվել են: Դրանք բոլորը մարդիկ էին, որ Նժդեհի հետ կռվել էին թուրքերի դեմ: Հայրս էլ է կռվել: Հետո, երբ բոլշևիկները հաղթեցին, շատերը Նժդեհի հետ անցան Պարսկաստան, գնացին Միջին Ասիա: Հայրս չգնաց: Հորս էլ էին ասում գնա Միջին Ասիա: Մայրս էլ է ասել գնա: Բայց հայրս միշտ ասել է, որ ինքը քաղաքականությանը չի խառնվել, միայն թուրքերի դեմ է կռվել: Ասում էր «ես ի՞նչ եմ արել, ինձ ինչու՞ պիտի տանեն»: …ինքն ուղղակի թուրքերի դեմ կռվել էր, հա: Քանի որ ինքը ոչ մի քաղաքական գործունեություն չի ունեցել, այլ բացառապես ուղղակի էդ տարիներին կռվել է թուրքերի դեմ, ինքն անմեղ է, իրա դեմ որևէ բան չէր կարող լինել: Ասում էր, որ ինձ ոչ մի բանում չեն կարող մեղադրել, գնամ էս երեխաների հալը ի՞նչ է լինելու: Ինքը չէր հավատում դրան: … վերջը էլի 37 թվին եկան հորս տարան: Ընդ որում տարել են խուլ անտառից: Էստեղից մինչև տարման վայրը մի 18-20 կմ կլինի: Անասունն ամառը տարել էին արոտ: Մայրս պատմում էր, որ էնտեղ գիշերը շունը հաչել է, հաչել է, հաչել է, հայրս ասել է Մաշինկա, եկել են իմ հետևից, վեր կաց: …. ինքն էլ մարդ էր էլի հոգնած, ջուր էլ չի եղել, որ կարգին լվացվեն: Դռանը մեծ քար են դեմ տված եղել: Դուռը հրել են, ջարդել, ասել են «Սաքի, մեզ համար թակարդ ե՞ս պատրաստել»: Ձեռքերը կապել են հետևին, իրենք էլ ձիով, ինքն էլ ոտով, էդ 18-20 կմ-ը մինչև Ղափան ոտքով բերել են գիշերով:…Հաջորդ օրն էլ, երբ մայրս գալիս է, որ հորս մասին մի բան իմանա, ասում են տարել են Գորիս: Բայց իրականում մի հինգ օր այդտեղ պահել են: Հետո շատ տարբեր լուրեր էինք լսում … մի անգամ էլ խոսք եղավ, որ հայրս Արխանգելսկում է, մի թուրք էր տեղեկություն բերել: Տարբեր տեղեկություններ, տարբեր խոսակցություններ: Հետագայում ես որ շատ դիմեցի, իրենք մեզ պատասխանում էին, որ ձեր հայրը մահացել է 1942 թվականին, որպեսզի ինձ ապակողմնորոշեն, որ իբր թե հայրս պատերազմում է զոհվել: Բայց հետագայում արդարացման համար վկայականը որ տվել են, էն ժամանակ ասել են, որ իրոք ձեր հայրը 37 թվի նոյեմբերի 14 –ին գնդակահարվել է: Երկրորդ անգամ տարել են և գնդակահարել են: Երևանում: Ընդ որում երևի կացնահարել են: Քանի որ իմ ընկերների հետ հանդիպման ժամանակ ասում էին որ երբ դիակները ԿաԳեԲե-ից սայլերով տանում են, արյան հետքեր են երևում: Բայց կրակոցներ չեն լսվել: Չեն կրակում, որպեսզի խցիկներում «բանդայի» անդամները չլսեն, բնականաբար որպեսզի աղմուկ չբարձրանա, կացնահարում են հենց քնած ժամանակը: Ես այնպես եմ մտածում, որ հորս կացնահարել են:

Հորս արդարացման թուղթը մենք ստացանք 1959թ.: Բնականաբար այդ ժամանակ գյուղում շատ խոսակցություններ եղան: Հասկացանք, որ հորս տարել են Գերասիմի[1] գործով և գնդակահարել են որպես դաշնակցական: Այդ բոլոր խոսակցությունների ժամանակ իմ հորս անունը հոլովում էին, որ իբրև Գերասիմի զոհն է դարձել:

Գերասիմը հզոր անձնավորություն է եղել, պատահական չէ, որ Նժդեհը նրան վստահել է: Հո ամեն մարդու չեն վստահում: Նժդեհը գիտեր ում ինչպես կարելի է վստահել: Գերասիմը շատ է կռվել թուրքերի դեմ: Թուրքերը որ ուզում էին Գերասիմին, Գերասիմի ընտանիքին վնաս տան, նաև հերթը հասավ իմ պապիս, Սարգիսի հորը, որը ջրաղացպան էր: Գիշերը թուրքերը գալիս են ջուրը կտրում…Դա երևի եղել է 18, 20, էդ թվականներին, էն խառը տարիներին: Որ գալիս են ջուրը կտրում, պապս հասկանում է, որ սա թուրքի գործ է, մի մեծ ջաղացքար է բերում դնում դռանը, որպեսզի ներս չմտնեն, սակայն թուրքերը քանդում են տանիքը, ներս մտնում, դրան քառատում:…Մեր պապին: Գերասիմը ստիպված պիտի վրեժ լուծեր: Ու այդտեղից սկսում է այդ մեծ ողբերգությունը: Հետո, տարիներ անց, երբ որ Գերասիմն ապրում էր ծպտված, անտառում, Գերասիմին հետապնդում էին որպես ահաբեկիչ: Բայց իրականում նա ահաբեկիչ չէր: Գիշերը գալիս էր գյուղ, ցերեկը գնում անտառները: Ընդ որում այն անտառները, որտեղ իմ պապիս, ավելի ուշ հորս ջրաղացն էր: Գեղանուշի վերևը:… Գերասիմի մայրը գալիս էր էդ ջրաղացից բաղարջը վերցնում էր, հաց ու պանիր, սխտոր, սոխ, իբր թե գնում է անտառը փայտի, որ անտառում Ղուշին քար ենք ասում, Ղուշին քարի տակը իրեն որդին սպասում էր, որ տա իրեն այդ ուտելիքը: Բոլշևիկները Գերասիմին համոզում են, ասում են արի հանձնվիր, մենք քեզ ոչ մի բան չենք անի: Ընդ որում նրանք գնում են Գերասիմի տունը` Գեղանուշ… Գերասիմը գալիս է հանձնվում կամավոր: … Հավատում էր, գիտեր որ թիկունք ունի…Նժդեհի հեղինակությունն էր իրեն պահում: Բայց էստեղ իրեն ձերբակալում են, տանում Գորիս: Եվ էդ մոստը [2] անցնելու ժամանակ մարդիկ են եղել, որ թույլ են տվել, իրեն մոստից գցել է գետը: Գիշերը: Լուսադեմին կարողացել է ափ դուրս գա, և մի թուրք հովիվ է իրեն ձեռքերը ազատել <կապանքներից>, և էնտեղից ինքն անցել է Պարսկաստան: Ահա Գերասիմին օգնելու այդ անցյալը դարձավ հորս ձերբակալության և գնդկահարության պատճառը: Այդպես էին ասում: Ընդ որում նաև ազգականներ են եղել մատնող, – «Սարգիսն ասում ա, որ ես կոլխոզ չեմ մտնում, ծեզանից վատ ե՞մ ապրում: Սարգիսն ասում է ինչի՞ ես նրանց լսում, մեկ ա, էս կառավրությունը չի գոյատևի… ինքը ասել ա ինչու՞ ես մտնում կոլխոզը…», -իբրև թե այդպիսի բաներ է ասել գյուղացիներին: Եվ գյուղացիներն էլ բնականաբար տեղ են հասցրել: էն ժամանակ էնպիսի թվականներ էր, որ բարեկամը բարեկամին, եղբայրը եղբորը էդպես դավաճանում էր: 26 հոգի ձայնազուրկ են եղել Գեղանուշից:

Հորս արդարացման թղթում այդ բոլոր բաների մասին ոչինչ չկա իհարկե: Նույնիսկ մեղադրանքը չի հիշատակված, ասված է միայն, որ գործը կարճվել է հանցակազմի բացակայության պատճառով: (Նկ․ 5)

Հետո, ավելի ուշ, ես մի նոր փաստաթուղթ ստացա, որ հորս արդարացրել են: (Նկ․ 6)

Էդ տալիս ա, որ իրեն արդարացնելու համար պետք է երկու ամսվա նախկին պաշտոնի համաձայն աշխատավարձ տան: Եվ տվել են, առել եմ. 60 ռուբլի էր, թե 80 ռուբլի էր, մի հատ սառցարան եմ առել:

Բայց մեր ամբողջ ընտանիքի կյանքը գնաց այդ հետապնդումների տակ, և մինչև այսօր, ես պիտի ասեմ, որ դա շարունակվում է: Օրինակ, երբ եկել են հորս երկրորդ անգամ ձերբակալելու, նա մորս ասել է, որ էդ տղայի ազգանունը կփոխեք, ով որ Աթաջանյան է, նա տեղ չունի կյանքում: Նրան միշտ ասելու են, որ հարել է դաշնակցությանը, Նժդեհին: Մայրս փոխեց պապայիս հոր անունով, Հայրապետ է եղել, դարձանք Հայրապետյան: Դա այն պապս էր, որին թուրքերը քառահատել էին ջրաղացում: Դա ինձ համար շատ ծանր է եղել կյանքում: Հետո ինձ ասում էին, որ դու ազգին դավաճանել ես: Դեռ 90 թվականին ինձ ասում էին «Ազգի դավաճան` դաշնակ», այո, այդպես ասում էին: 90-ական թվին դաշնակ ասելը դեռ էդպես բացասական բան էր համարվում, քանի որ դաշնակցությունը էն ժամանակ նեղ դրության մեջ էր [3]:

37 թվականին որ իմ հորս տարան, մայրս ստիպված էր մեզ` երեք երեխաներիս խնամելու համար ամեն միջոցի դիմել: Ու իրեն ստիպում են, որ ինքը ամուսնանա գյուղի անասնապահ Գուրգեն Զաքարյան անունով մի տղամարդու հետ: Ընդ որում դրա կինը մահացել էր, թողել էր որբ ութ երեխաների: Մայրս չէր համաձայնվում: Բավականին երկար քաշքշուկներ, տառապանքներ: Քանի որ դաշնակի կին է եղել, աշխատանք չէին տալիս, որ երեխաներին պահեր: էն ժամանակ, ասում է, ես տարբերակ չունեի, ես պիտի երեխաներիս պահելու համար ամուսնանայի, ինչքան էլ չուզենայի, ինչքան էլ սպասեի, ասեի ամուսինս Սիբիրից հետ է գալու: Այսինքն` ինքը այլընտրանք չուներ չամուսնանալու: Եվ մի քանի անգամ տանել-բերելուց հետո, մի անգամ մորս կատեգորիկ բերում են ԿաԳեԲե, և այդ նույն պահին մեզ` երեք երեխաներիս, բերում են մանկատուն, մեր գյուղում մանկատուն է եղել: 1942 թ. էր, ես հինգ տարեկան էի: …Վերջը մայրս ստիպված համաձայնվում է ամուսնանալ էդ տղամարդու հետ, որը ութ երեխա ուներ: Մենք արդեն մանկատանն էինք:

Ես եղել եմ մանկատանը 1942 թվից, ապրել եմ մինչև 52 թվականը: Ես էլ, քույրս էլ, էն մյուս քույրս էլ` Նատալյան, դաստիրակչուհի էր այնտեղ աշխատում: Ավելի ուշ, երբ ես չափահաս մարդ էի, ինքնուրույն էի, Գեղանուշ գյուղում մի հուշարձան եմ կանգնեցրել մանկատան սաների հիշատակին: Գյուղի հրապարակում է, վրան էլ գրված է` «Նվիրում եմ մանկատան սաների անմոռաց հիշատակին»: (Նկ․ 7)

Մայրս հզոր կին եղել, մենք` երեք երեխաներ, ութն էլ այնտեղ, երկուսն էլ ունեցավ երկրորդ ամուսնուց: Բոլորին միմյանց հետ համերաշխություն ստեղծեց: Մարդիկ են եղել, եկել են ինձ տանեն Երևան որդեգրելու համար, մարդիկ են եղել, իմ հորեղբորս կինը, որ տանի, չի թողել: Մահացել է 93 թվին 87 տարեկան հասակում: Գյուղացիների համար մի ուրիշ գործ էլ արեցի, 65 թվականին գեղամեջի գերեզմանատանը հոգահացի արարողության համար մեծ սենյակ սարքեցի, հարյուր քսան մարդ էր տեղավորում: Գրված է` «Նվիրում եմ Սարգիս Աթաջանյանի սուրբ հիշատակին»:

Ո՞վ էր մեղավոր – «Ես մինչև հիմա ազդվում եմ դաշնակցական, հակահեղափոխական բառերից: Հիմա այդ անցածը ժխտվում է, ճիշտ է, բայց մենք այդ մթնոլորտում ենք մեծացել: …Կոմունիստ եմ եղել, ես պաշտել եմ կուսակցությունը: Կուսակցությունը մեղավոր չէի համարում, հենց հորս էի մեղադրում: Ինքը չպետք է էսպես զոհ դառնար: Ինքը պիտի էդպես բացահայտ ագիտացիա չաներ: Ասել է միք մտնի կոլխոզը, կոլխոզը ի՞նչ պետք է մեզ… Ժամանակները պահանջում էին, որ չխոսեր: Խոսող լինում է, լռող էլ էր լինում: Բայց հասկանում եմ, որ ինքը չէր կարող չխոսել, ինքը պիտի խոսեր, ինքը պիտի արտահայտվեր, քանի որ ամբողջ իրեն ազգն էր կործանվում: 37 թվին միայն մեր գյուղից 16 գնդակահարություն է եղել, 42 աքսորական: Այդ գնդակահարվածների մեջ վեց հոգի միայն Աթաջանյաններ էին, 37 թվի գնդակահարվածների մեջ…Ես որ կոլխոզի նախագահ էի, Միջին Ասիայից երկու հոգի եկան, մեկի անունը Սանատրուկ էր, մեկի անունը չեմ իմանում Թովմա՞ս էր, թե ի՞նչ էր: Նրանք էդ տարիների զոհն էին, որոնք փախչելով Միջին Ասիա փրկվեցին իրենք:…Ընտանիքները թողեցին գնացին ու հետագայում, որ խաղաղվեց, մի քիչ կարգավորվեց երկրի վիճակը, նրանք նորից վերադարձան իրենց ընտանիքները: Հայրս նույնպես կարող էր գնալ: Բայց հայրս ասում էր, որ ես գնամ, բա էս երեխաները ի՞նչ պիտի անեն. չէր մտածում, որ իրեն կարող ա էդպիսի վիճակի մեջ դնեն, քանի որ ինքը մեղքի մեծ բաժին չուներ: Դժվար տարիներ էին: Մեր գյուղացի մի մարդ կար` Հարությունյան, աշխատում էր Երևանում: Օրերից մի օր գալիս է գյուղ, գյուղացի մի մարդ կար, նրան տեսնելով, ասում է` «էս մարդը դեռ էստեղ ա՞»: Իսկ էդ մարդը գյուղից դուրս չէր եկել, լավ այգեպան էր, լավ հող էր մշակում, Էդ մարդը լավ բուժամիջոցներ էր օգտագործում, ցանկացած հիվանդության, լավ այգի էր մշակում… երբ որ երեխաները անցնում էին այգու մոտով, կանչում էր, մեկին վարունգ էր տալիս, մեկին սալոր էր տալիս: Եվ ահա այդ Հարությունյանի խոսքերից հետո հաջորդ օրը էդ մարդը գնաց, այլևս չեկավ: էդ մարդու անունը Շահրի է եղել: Թշնամին ներսից էր: Հարությունյանը էդ մատնիչն էր: Կուսակցության աշխատողն է եղել: Դա շատ երկար ապրեց: Երևանում էր ապրում: Ոչ մեկը նրան հետո չմեղադրեց, բայց շատերն են ասում, որ էդ մարդն է գյուղի տունը քանդել: Ինքը հենց մեր գյուղացի էր: Մինչև Ստալինի մահը, դրանից հետո մի քիչ բացվեցին: Խրուշչևի, Մալենկովի ժամանակ: Վախենում էին, մինչև 90-ական թվականները վախենում էին խոսել:

Ներման կամ դատապարտման խնդիրը – Ես բոլոր հարցերին վերաբերվում եմ քրիստոնեաբար: Ներիր, ներիր որ հաղթես: Հաճախ հաղթանակները ներողամտությամբ է ձեռք բերվում, իսկ եթե ես գլուխ բարձրացնեի վրեժ լուծելու համար ինչ կլինե՞ր: Էլի նույնը:… արդարությունը շատ փոքր զենք է անարդարության դեմ: Արդարություն չի եղել, էդպես էլ չի լինելու: Արդարություն չի լինելու: Որտեղ արդարություն ես ասում` չի անցնում: Ես էդպես եմ տեսել, ես անարդարության զոհ ու չարիք եմ դառել կյանքում: Ես մանկատանն եմ ապրել, ցանկացել եմ կյանքում, որ վարձահատույց լինեմ այն տարիների համար, որ ինձ կերակրել են սովորացրել են… Ես ինչ որ կյանքում արել եմ, աշխատել եմ, որ մարդիկ ինձ չհանդիմանեն, հակառակ կուսակցության չգնամ, բայց դա չի անցել:…ես կարդացել եմ, որ մարդ ինչքան մեծանում է, էնքան չի զարմանում ոչ մի բանի վրա: …արդարության և անարդարության սահմանը շատ փխրուն է… շատ մոտիկ են, շա՜տ, չես տարբերի: Բայց բոլոր դեպքերում մարդը ինչքան էլ ըմբոստ, երբեք էլ զգացմունքային չպետք է լինի: Էդ ըմբոստությունը պիտի լինի, <բայց> ոչ քեզ կործանելու հաշվին»:


[1] Գերասիմ Աթաջանյանը ծնվել է 1889թ. Գյուտկում գյուղում: 1918-1920թթ. ինքնապաշտպանական կռիվների ակտիվ մասնակիցներից է: 1920թ. Կապանի ապստամբության կազմակերպիչներից է: Նժդեհի հետ անցել է Պարսկաստան, սակայն շուտով վերադարձել է և ապրել է ծպտված: Ձերբակալվել է, բայց Գորիս տանելու ճանապարհին կարողացել է փախչել և կրկին անցել Պարսկաստան: Կրկին գաղտնի վերադարձել է, և 1929թ. Արաքս գետով սահմանն անցնելու փորձի ժամանակ զոհվել է սովետական սահմապահների կրակոցից:

[2] Որոտանի կամուրջը:

[3] Պատմողը նկատի ունի իննսունական թվականներին նորանկախ Հայաստանի իշխանությունների կողմից դանակցական կուսակցության հանդեպ սկսված հետապնդումները:

 

Share
  • RSS
  • Newsletter
  • Facebook
  • YouTube